27 հոկտեմբերի 2005 - 15:36 AMT
Այսօր լրանում է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության վեցերորդ տարին
Այսօր` հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում ծաղկեպսակներ են դրվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուշարձանին: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը եւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: Վեց տարի առաջ, 1999 թ.հոկտեմբերի 27-ին կրակոցներ հնչեցին Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ ներխուժած ահաբեկիչների խումբը գնդակահարեց այստեղ գտնվող Ազգային ժողովի եւ կառավարության ղեկավարներին եւ անդամներին: Պարզվեց, որ ահաբաեկիչներն են` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որն որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, եւ նրանց քեռին` Արամ Հունանյանը: Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին: 2001 թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտավ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը, որով տասներեք մեղադրյալներից վեցը ազատ արձակվեցին: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հրապարակեց Հայաստանի խորհրդարանում ահաբեկչության գործով դատավճիռը: Մեղադրյալներից վեցը` եղբայրներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Էդիկ Գրիգորյանը, Վրամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության: Եվս մեկ դատապարտյալ` Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Բոլոր յոթ դատապարտյալները մեղավոր են ճանաչվել Հայաստանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ դավաճանություն հայրենիքին եւ ահաբեկչություն հոդվածները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: