27 հոկտեմբերի 2005 - 17:13 AMT
Ջ.Էվանսը ներկայացրել է ԱՄՆ կողմից առաջարկվող աջակցությունը ընտրություններին
«Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աշխատանքներ մենք կատարում ենք արդեն շուրջ տասը տարի: Դա մեզ համար նոր ուղղություն չէ, այլ նոր հիանալի հնարավություն է, որ Հայաստանը ապագայում անցկացնի արդար եւ թափանցիկ ընտրություններ»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ ԱՄՆ դեսպանը ներկայացրեց այն միջոցառումների ծրագիրը, որոնք ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին 2007-2008 թթ. ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացման համար: Նրա խոսքերով, 2005 թվականի ամռանը մշակվել է միջոցառումների փաթեթ, որոնք կուղղվեն ընտրությունների անցկացման աջակցմանը` սկսած ընտրացուցակների նախապատրաստումից մինչեւ բնակչության տեղեկացումը: «Մեզ մնում է շուրջ 18 ամիս մինչեւ ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, եւ մենք համոզված ենք, որ այդ ընթացքում շատ բանի կարելի է հասնել»,-հայտարարել է Ջ.Էվանսը: Նա «չափազանց կարեւոր դրույթ է» համարել այն, որ բոլոր անցկացվելիք միջոցառումները ուղղված են ժողովրդավարության գործընթացի աջակցմանը, այլ ոչ թե քաղաքական կուսակցություններին կամ առանձին անձանց:

Ամերիկացի դիվանագետը ուշադրություն է հրավիրել միջոցառումների ցուցակի որոշ դրույթների վրա, մասնավորապես` աջակցություն ընտրողների ազգային գրանցամատյանի մշակմանն ու կիրառմանը, աջակցություն ընտրությունների կազմակերպմանը, ներառյալ նյութատեխնիկական աջակցությունը, աջակցություն ընտրողների տեղեկացման քարոզարշավին եւ այլն: Նա հատուկ ընդգծել է այն դրույթը, որտեղ ասվում է ընտրական վեճերի մասին եւ նշել է, որ Հայաստանի դատական համակարգը եւ դատավորները պետք է պատրաստ լինեն դրանք օրենքի սահմանում կարգավորելուն: «Ժողովրդավարությունը չի նշանակում, թե ամեն ինչ լավ պետք է անցնի միայն ընտրությունների օրը, այլ նաեւ նախատեսում է ընդհանուր ժողովրդավարական կուլտուրա եւ մենք միջոցառումներ են նախապատրաստել նաեւ այդ ուղղությամբ»,-հաղորդել է Ջ.Էվանսը: Նրա կարծիքով, շատ կարեւոր է նաեւ քաղաքացիների կարծիքը նախընտրական շրջանում, այն առումով, որ Հայաստանի կառավարությունը եւ ԶԼՄ-ները պատկերացում ունենան ընտրություններից մարդկանց ակնկալիքների մասին, որի համար անհրաժեշտ է սոցիոլոգիական հարցումների անցկացումը:

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ աշխատանք է տարվում Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ, քանի որ ժողովրդավարական համակարգում քաղաքական կուսակցությունները կարեւոր դեր են կատարում: «Մենք առաջիկայում եւս կաշխատենք քաղաքական կուսակցությունների հետ»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Նա նաեւ կարեւորել է ԶԼՄ-ների դերը ընտրությունների լուսաբանման հարցում, եւ հաղորդել է, որ ուսումնական ծրագրեր են նախապատրաստվում լրագրողների համար: «Ընտրացուցակների առումով աշխատանքը կսկսվի 2006 թվականին: Չնայած որ ծրագիրը մշակված է, մանրամասները դեռեւս կարող են քննարկվել»,-հայտարարել է Ջոն Էվանսը: Իր հերթին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոբին Ֆիլիպսը ավելացրել է, որ միջոցառումների անցկացման համար արդեն հատկացվել է շուրջ 6 մլն դոլար, եւ այդ միջոցառումները կիրագործվեն 3 տարվա ընթացքում: «Միջոցառումների մի մասը կմեկնարկի արդեն առաջիկայում, իսկ մյուսները ավելի ուշ»,-հայտարարել է նա: