Հայաստանում այսօր պաշտոնապես գրանցված է 352 թռչնատեսակ: Նրանց մի մասը մեր երկրում հանդիպում է միայն չուի ժամանակ, իսկ մյուս` մշտական տեսակներն էլ բազմաթիվ խնդիրներ ունեն:
«Հայաստանի թռուչնների պահպանման» ՀԿ փոխտնորեն Լյուբա Բալյանի խոսքով թռչունների թվաքանակի ու պոպուլյացիայի նվազման երեք գլխավոր պատճառ կա: «Նախ, ամենավտանգավոր պատճառը թռչունների կենսամիջավայրի ոչնչացումն է: Օրինակ մեզ մոտ մեծ զարկ է տրվում հանքարդյունաբերությանը, կտրվում են անտառներն ու թռչունը բնադրման համար հաճախ պարզապես վայր չի գտնում: Երկրորդ պատճառը որսն է: Հաճախ այն հասնում է այնպիսի թվերի, որ մեր կազմակերպությունում չենք էլ կարողանում ճշգրիտ հաշվարկներ կատարել: Եվ երրորդ պատճառը մեր իմացության պակասն է: Մեր հասարակությունում քիչ թե շատ գիտեն ասենք` կաթնասուն կենդանիներին, սակայն թռչունների մասին գրեթե ինֆորմացված չեն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Լյուբա Բալյանն ասաց, որ իրենց կազմակերպության ու բնապահպանության նախարարության միջև չկա կայուն համագործակցություն: Ճիշտ է` նախարարությունը հաճախ է օգտվում կազմակերպության ուսումնասիրությունների տվյալներից, բայց չի նշում, որ դա կազմակերպության արածն է:
Ավելցնենք, որ ապրիլի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է թռչունների պահպանության օրը: