2 ապրիլի 2013 - 19:54 AMT
Ասորական համայնքը ցանկանում է մասնակցել ապրիլի 14-ի համաքաղաքային ծառատունկին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովին և նրա միջոցով Հայաստանի ասորական ամբողջ համայնքին է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը Հաբ-Նիսանի՝ ասորական նոր տարվա կապակցությամբ:

«Երևանում ասորական համայնքը մշտապես իր մասնակցությունն է բերում իրականացվող քաղաքային տարբեր ծրագրերին: Հատկապես ակտիվորեն է ներգրավված հասարակական-մշակութային նախագծերում: Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը քաղաքի կյանքում և հույս ունենք, որ առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կընձեռվեն»,- ասել է Վանո Վարդանյանը` քաղաքապետի անունից վերահաստատելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել համայնքին:

Համայնքի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուշադրության և շնորհավորանքների համար` Արսեն Միխայլովն ընդգծել է, որ երևանաբնակ ասորի համայնքն իր հերթին կարևորում է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները: «Անչափ զգացված ենք քաղաքապետի վերաբերմունքի և գնահատանքի համար և պատրաստակամ՝ հնարավորությունների չափով նպաստել մեր մայրաքաղաքի զարգացմանը: Իհարկե, Երևանի զարգացումն ակնհայտ է ` շնորհիվ այն փորձի, որ Տարոն Մարգարյանը ներդնում է ի նպաստ քաղաքի զարգացման»,- ասել է Արսեն Միխայլովն ու փոխանցել համայնքի երիտասարդների ցանկությունը` մասնակցելու ապրիլի 14-ին կազմակերպվելիք համաքաղաքային ծառատունկին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: