2 ապրիլի 2013 - 21:38 AMT
ԿԱՐԾԻՔ
Քաղաքապետարանի չտեղեկատվության ու ևս մեկ ապօրինի շինության մասին

Առավոտից համացանցում ակտիվ սկսվեց տարածվել մետրոյի «Երիտասարդական» կայարանի ներսի գետնանցումի նորակառույց կրպակների ֆեյսբուք օգտատեր Արթուր Ղազարյանի արած լուսանկարը, ավելի շուտ՝ այն, ինչ ապագայում երևի թե կրպակ կդառնար: Ճշտելու, թե ինչ է իրականում կառուցվում, զանգահարեցինք քաղաքապետարան։ Եթե հարց է առաջանում, թե ինչու հենց քաղաքապետարան, այլ ոչ Մետրոպոլիտեն, ասենք, որ վերջինս Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույց է։

Եվ այսպես, քաղաքապետարանում ( ինչպես վերջերս հիմնականում PanARMENIAN.Net-ի լրագրողներին միշտ են ասում), Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Սարուխանյանն ասաց, որ հարցս գրավոր ձևակերպեմ ու հարցում ուղարկեմ (որին պատասխանում են հնգօրյա ժամկետում)։ Ուղարկեցի, անգամ զանգեցինք ճշտելու՝ հասել է, թե ոչ։ Ու մնացինք պատասխանին սպասելով․․․

Ամեն ինչ երևի սովորական կթվար, եթե երեկոյան լրատվականներից մեկին Սարուխանյանը մեկնաբանած չլիներ, որ շինարարությունն ապօրինի է ու կրպարկները կապամոնտաժվեն։

Մեկ՝ քաղաքապետարանն աղմուկից հետո՞ միայն իմացավ, որ իր ենթակայության տակ գտնվող կառույցում զարմանալիորեն ու ապօրինաբար հայտնվել են կրպակների կարկասներ։ Հետաքրքիր է, քանի՞ ժամվա ընթացքում են դրանք մոնտաժվում ու ապամոնտաժվում։

Երկու՝ ինչպե՞ս կարող է մետրոյում ապօրինի շինարարություն ընթանալ, եթե շուրջբոլորը տեսախցիկներ են տեղադրված։

Երևի եթե աղմուկը չլիներ, կրպակները կսարքեին, ապօրինի կգործեին․․․ մի օր էլ, երևի, կհայտնաբերվեին ու կապամոնտաժվեին։ Երևի պարզ է, որ հարցման պատասխանին սպասելն արդեն անիմաստ է, ինչպես նաև տարածել քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունը, որը նրանք խոստացել են տարածել («երբ»-ը ևս հայտնի չէ)․ միայն զուտ նրա համար, որ սրանից ավելին արդեն դժվար ասեն․․․

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News