3 ապրիլի 2013 - 15:29 AMT
Ախալցխայի Ռաբաթ ամրոցից մտադիր են հանել քրիստոնեական խորհրդանիշները, մասնավորապես, խաչքարերը

Ախալցխայում գտնվող Ռաբաթ ամրոցի հնարավոր վերակառուցման վերաբերյալ կրկին կլոր սեղան տեղի կունենա, հայտնել է Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պաշտպանության նախարար Գուրամ Օդիշարիան:

«Երկու ամիս առաջ ես անձամբ այնտեղ էի, հանդիպել եմ Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, եղել են նաև շինարարները: Թուրքական կողմը դեռ վերականգնողական աշխատանքների ժամանակ դիտողություններ ուներ գմբեթի գույնի ու այլ մանրամասների վերաբերյալ: Մենք անպայման կլոր սեղան կկազմակերպենք և կլսենք ինչպես կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների կարծիքները»,-ասել է Օդիշարիան:

Ինչ վերաբերում է նախագահի մամլո քարտուղարի երեկվա հայտարարությանը, ապա մշակույթի նախարարն ասել է, որ «այն շատ քաղաքականացված է ու մակերեսային»:

Ինչպես հայտնել է «Գրուզիա Օնլայնը», նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն երեկ ԶԼՄ-ներն է ներկայացրել մի փաստաթուղթ, որը նախագահի աշխատակազմը ստացել է կառավարությունից: Այն «գաղտնի» մակագրության տակ է ու վերաբերում է երկրի տարածքում վրացական ու թուրքական մշակույթի հուշարձանների պահպանությանը:

«Վրացական կողմը պարտավորվում է մզկիթից դուրս բերել խաչերի պատկերով քարե ռելյեֆները, որոնք թվագրված են միջին դարերով, և ենթակա են տեղափոխման»,-ասվում է փաստաթղթում: Այդ դրույթը վրդովմունք է առաջացրել նախագահի աշխատակազմում, որը հրապարակային պարզաբանումներ է պահանջել կառավարությունից:

Վրաստանի մշակույթի նախարարությունում հայտարարել են, որ Ախալցխայի պատմական Ռաբաթ ամրոցի վերականգնումը կատարվել է ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, ուստի հարկավոր է շտկել թերությունները: