Ս.Կինիկլիօղլու. 1915 թվականի իրադարձությունները անուղղակիորեն կազդեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վրա

PanARMENIAN.Net - «Վերջին 3 տարիներին Թուրքիան այնքան վերափոխվեց, որ նույնիսկ ես` իբրեւ լավատես, չէի ակնկալում»,- հայտարարեց ԱՄՆ Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Սուաթ Կինիկլիօղլուն օրերս Երեւանում հրավիրված միջազգային գիտաժողովում: Նրա խոսքերով, կան, իհարկե, թերություններ, սակայն բարեփոխումները Թուրքիայում ակնառու են հատկապես ավելի բաց, ժողովրդավարական հասարակության կայանալու հարցում: Ներկայացնելով Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու վերջին 4 տասնամյակների փորձը, բանախոսը նշեց, որ Եվրամիության հետ աշխատելը հեշտ չէ, եւ «թուրքերը ԵՄ-ի դուռը թակել են ամենավատ ժամանակ. ԵՄ-n ինքը հիմա քաոսի մեջ է, փորձում է մարսել նոր ընդլայնումը եւ շատ հարցերում ունի մտահոգություն»: Ըստ նրա, դա ցավալի, երբեմն նաեւ նվաստացուցիչ է, սակայն իրենք` թուրքերը, հատկապես վերջին տարում շատ լավ հասկացել են, որ գործընթացն ավելի կարեւոր է, քան վերջնական արդյունքը` անդամակցությունը:



Բանախոսը կարծում է, որ անկախ նրանից` Բրյուսելին դուր կգա թե ոչ, հարցն այն է, որ աշխարհի այդ տարածաշրջանը Եվրոպայի մաս է, եւ երկրները ձգտում են եվրոպական արժեքների, ուստի նախ խորհուրդ տվեց չկենտրոնանալ վերջնական արդյունքի վրա: Նա չբացառեց, որ Թուրքիան միգուցե եւ չդառնա ԵՄ անդամ` միաժամանակ կարեւորելով սեփական առաջընթացի ապահովումը: Նա վստահեցրեց, որ Թուրքիան լիովին կատարում է ԵՄ-ի պահանջները եւ չի բանավիճում ԵՄ-ի հետ` համարելով դա Թուրքիայի համար շքեղություն: Ս.Կինիկլիօղլուն նշեց, որ ոք չի կարող կանխատեսել, թե 10-15 տարի հետո ինչպիսի իրավիճակ կլինի. հնարավոր է, որ Եվրոպան պատրաստ լինի բազմամշակութային հասարակության մեջ ապրելու կամ ոչ:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ «1915 թ. տեղի ունեցածը ԵՄ-ի կողմից պաշտոնապես չի դառնա պահանջ Թուրքիայի համար», սակայն հավանաբար կկազմի ընդհանուր բանավեճի մաս եւ անուղղակիորեն կազդի գործընթացի վրա: Ըստ նրա, ինչքան ավելի քիչ դա լինի պաշտոնական պահանջ, այնքան ավելի շատ կմնա բարիդրացիական հարաբերությունների տիրույթում: «Դա ավելի իրական է, եւ թուրքերը պատրաստ են դրան լուծում գտնել»,- հայտարարեց թուրք բանախոսը, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---