5 ապրիլի 2013 - 19:21 AMT
Հ.Հակոբյանը կոչ է անում ավելի ակտիվ մասնակցել «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրերին

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Խորհրդային Միության վաստակավոր արտիստ, դերասանուհի, նկարչուհի, 1981 թվականից ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակություն հաստատած Թագուհի Հակոբյանին, նրա դուստր և մենեջեր Մարո Փարյանին և ամերիկաբնակ մտավորական, հուշագիր Վիկտորիա Փարյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Թ.Հակոբյանի նվիրումն արվեստին, Եվրոպայի երկրներում (Ֆրանսիա, Ռումինիա, Հունաստան, Բուլղարիա), Լիբանանում, Կանադայում և այլուր հայ արվեստն ըստ արժանվույն ներկայացնելու նրա ջանքերը: Ամենուր հայերեն լեզվով ներկայացնելով հայ դասականներին` Թագուհի Հակոբյանը հայկական համայնքներում կարողացել է արթնացնել և կենդանի պահել հայկական ոգին:

Վերջին 20 տարիների ընթացքում արվեստագետը սկսել է զբաղվել նաև նկարչությամբ` թղթի կտորներից, առանց ներկեր օգտագործելու, ստեղծում է գեղանկարներ` ամենատարբեր թեմաներով: Ապրիլի 3-ին հայրենիքում` «Ակադեմիա» պատկերասրահում կայացել է նրա «Թափոնների գույները» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:

Թագուհի Հակոբյանը նշել է, որ Սփյուռքում բարձր են գնահատում նախարար Հ.Հակոբյանի հայանպաստ, Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանն ուղղված գործունեությունը:

Տիկին Թագուհին ՀՀ սփյուռքի նախարարին նվիրել է իր ստեղծագործություններից «Կաննաներ» անունով գեղանկարը: Նախարարը գոհունակությամբ է խոսել նաև մտավորական Վիկտորիա Փարյանի` 2012թ. հրատարակած «Անապատի ագռավները» հուշագրության մասին, ուր տեղ են գտել Հայոց Ցեղասպանության ականատեսների պատմությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է գերատեսչության պատվերով և նախաձեռնությամբ հրատարակված գրքերը, Սփյուռքի մեր հայրենակիցների համար նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել հատկապես «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրերին: