Charity Navigator. Ամերիկայի հայկական համագումարը լավագույն բարեգործական կազմակերպություններից մեկն է

PanARMENIAN.Net - Բարեգործության գնահատմամբ զբաղվող ԱՄՆ ամենախոշոր անկախ խմբի` Charity Navigator-ի, ուսումնասիրության համաձայն, Ամերիկայի հայկական համագումարը լավագույն ոչ-շահութաբեր կազմակերպություններից մեկն է` նվիրատվություն կատարելու համար: Նյու Ջերսիում տեղակայված այս խումբը հոկտեմբերի 5-ին շնորհավորական նամակ է հղել Հայկական համագումարին, ուր ասված է. «Charity Navigator-ը ողջունում է Ձեր բարեգործական ջանքերը: Ստանալ հնարավոր չորս աստղից չորսը նշանակում է, որ, Ամերիկայի այլ բարեգործական կազմակերպությունների համեմատ, Ձեր կազմակերպությունը աչքի է ընկնում արդյունավետության ու նպատակայնության առումով կազմակերպության ֆինանսների հաջող կառավարմամբ: Կազմակերպության վարկանիշի բարձրացումը բացառիկ սխրագործություն է, հատկապես հաշվի առնելով այն, որ անցած տարի բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ ստիպված էին դիմակայել տնտեսական մարտահրավերներ»: «Հայկական համագումարի համար մեծ պատիվ է արժանանալ այս գնահատականին», - ասաց Համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը: «Ավելի քան 30 տարի մեր անդամներն աջակցել են այս կազմակերպության աճին ու զորացմանը, եւ այս գնահատականն ընդգծում է նրանց վստահությունը մեր նկատմամբ ու մեր պատասխանատվությունը նրանց առջեւ»:



Այս վարկանիշը հիմնված է 990 հարկային բլանկների վրա, որը Համագումարը ներկայացրել է Եկամուտների պետական ծառայությանը, ինչպես նաեւ ֆինանսական երկու խոշոր ոլորտի` կազմակերպչական արդյունավետության եւ կազմակերպչական կարողության, վերլուծության վրա: Առաջին կատեգորիան գնահատում է ծրագրի ծախսերի եւ դրամահավաքի արդյունավետությունը, իսկ երկրորդը սահմանում է, թե ինչպես է ընթանում բարեգործական կազմակերպության ծրագրերի ու ծառայությունների իրականացումը ժամանակի ընթացքում: «ԱՄՆ-ում գործում են 1,2 միլիոնից ավելի բարեգործական կազմակերպություններ, եւ հայ համայնքում կան շատ արժանի գործեր: Սակայն այս ամենով հանդերձ կարեւոր է, որպեսզի բոլորս հավատարիմ մնանք դոնորային եւ բարեգործական չափանիշների բարձր մակարդակին», - ասաց Համագումարի Տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Պարսամյանը: Նա ավելացրեց, որ «Charity Navigator-ի չորս աստղանի վարկանիշը մեծ պատիվ է Հայկական համագումարի համար, եւ այն վկայում է կազմակերպության արդյունավետության ու բոլոր առումներով առողջ ֆինանսական գործունեության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի հայկական համագումարում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---