Վլադիմիր Գասպարյան. Ոստիկանությունը գործով է վկայում, որ ժողովրդի մասն է

Վլադիմիր Գասպարյան. Ոստիկանությունը գործով է վկայում, որ ժողովրդի մասն է

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանության առաքելությունը ծառայությունն է օրենքին ու ժողովրդին, կոչումը` պայքարն ընդդեմ հանցավորության և հանուն հասարակական կարգուկանոնի, երդումը` անձնազոհություն, և հայ ոստիկանն արդեն 95 տարի պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության և կյանքի գնով:

Անցյալ դարի սկզբից, հայոց պետականության հաստատումից ի վեր Հայաստանի ոստիկանությունը գործով է վկայում, որ մասն է ժողովրդի ու ժողովրդի հետ: Մենք միշտ պետք է հիշենք, որ ժառանգն ենք սխրանքներով, նաև անկումներով ու կորուստներով լի պատմության, և այսօր, անցյալի լավագույն ավանդույթներն ունենալով մեր զինանոցում` պետք է նոր մտածողությամբ, նոր գիտելիքներով, իրավապահի գործի արդիական ընկալմամբ նվիրվենք մեր երեխաների պետության կայացմանը, Հայաստան երկրի, որտեղ օրենքի գերիշխանություն է, արդարության հրամայական, քաղաքացու ապահովություն:

Մեր խոսքը գործ է, մեր գործը տեսանելի է բոլորին, մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի կատարման, իսկ ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում: Եվ մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը:

Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին` Հայաստանի ոստիկանության 95-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք: Աստված ձեզ պահապան»:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---