Քաղաքական «նեռության» ու ժուլիկության մասին. Հակոբյանը պատասխանում է Տեր-Պետրոսյանին

Քաղաքական «նեռության» ու ժուլիկության մասին. Հակոբյանը պատասխանում է Տեր-Պետրոսյանին

PanARMENIAN.Net - Եթե քաղաքական ուժերը հայտարարում են, որ ժողովրդի կողքին են, ապա գոնե ղեկավարությունը պետք է ներկա գտնվեր հետընտրական միջոցառումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեցին, սա հարց է, որտեղ նրանք անկեղծ չեն: Նախագահական ընտրություններին հայտարարեցին, որ ընտրությունները քաղաքական չեն, մրցակցություն չկա, բայց քաղաքապետի ընտրությունները, փաստորեն, քաղաքական են»,- ասաց նա:

Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ շաբաթ օրը ՀԱԿ համագումարում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա առաջնորդած շարժման հասցեին Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին:

«Տեր-Պետրոսյանը համագումարում գովաբանեց ԲՀԿ-ին, բամբասեց Րաֆֆի Հովհաննիսյանից և խոսեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, որը հակասում է նրա նախորդ հայտարարություններին: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ժուլիկությամբ է զբաղված` նախ Սերժ Սարգսյանի հետ փորձելով համագործակցել, հետո ԲՀԿ-ի: Բայց Գագիկ Ծառուկյանը մինչ այս պահն ինքն է օգտագործել ՀԱԿ-ին, և Լևոն Տեր-Պետրոսյանին, և դրա առհավատչյան ԱԺ ընտրություններն էին, և այդ մարտավարությունը շարունակվում է նաև հիմա»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչը նկատեց, որ Տեր-Պետրոսյանը նախ հայտարարում է, որ չի կարելի քննադատել բարիկադների վրա գտնվողին, բայց հաջորդիվ քննադատում է: «Պարոն Տեր-Պետրոսյան, մարտի մեկի այդ տասը զոհերի մանկության երազանքը չէր`ձեզ հավատալ և գնալ գնդակի բերան: Եթե դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ դիակներ չեղան, ձեր խնդիրն է: Սա քաղաքական նեռության դասական օրինակ է: Այսօր ընդդիմադիր դաշտի թիվ մեկ պառակտողը Լևոն Տեր-Պետրոսյանն է, և միշտ էլ այդպես է եղել: Նրանք, ովքեր շատ թե քիչ առնչություն են ունեցել մեր շարժման հետ, չեն հրավիրվել ՀԱԿԿ համագումարին: Ես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը եթե հնարավորություն ունենա, նույն կերպ է վարվելու, ինչպես 96-ին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Անդրադառնալով իրենց հետագա անելիքներին, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այժմ ծրագիր է մշակվում, թե ինչպես է «Ժառանգությունը» շարունակելու պայքարը: «Մարզային հանդիպումները հնարավոր է վերսկսվեն: Մենք երբեք չենք հայտարարել այլընտրանքային կառավարության ձևավորման մասին, ես դրա նպատակը չեմ տեսնում»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---