Մ.Եղիազարյան. «Արաբոյի» արածը վերագրում են շտաբում քարտեզի վրա մի գիծ քաշածներին ու կնոջ փեշի տակ թաքնվածներին

Մ.Եղիազարյան. «Արաբոյի» արածը վերագրում են շտաբում քարտեզի վրա մի գիծ քաշածներին ու կնոջ փեշի տակ թաքնվածներին

PanARMENIAN.Net - «Օղակ» գործողությունն էր ու 22 տարի առաջ այս օրերը, երբ Մարտունաշենի ու Գետաշենի վրա ադրբեջանական օմոնն էր հարձակվում: Մարտունաշենն «Արաբո» ջոկատն էր պաշտպանում, որի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ հիմա որոշ քաղաքական ուժեր փորձում են «Արաբոյի» արածն ուրիշներին վերագրել:

«Մեզ խնդրեցին ընդամենը 10-15 օր պաշտպանել Մարտունաշենը, որ թշնամին չշարժվի դեպի Շահումյան: 5-ի փոխարեն 7 ամիս 18 օր պաշտպանեցինք` ոչ մեկը չեկավ մեզ փոխարինելու, օգնելու: Բայց մենք դիմանում էինք: Հիմա մեր երեխաներին պատմում ենք, թե ինչ է եղել, ինչպես է եղել, բայց հեռուստացույցով լրիվ ուրիշ կերպ են ներկայացնում: Մենք ամաչում ենք մեր երեխաներից` նրանց առաջ սուտ ենք դուրս գալիս», - ասաց «Արաբոյի» հրամանատարը:

Նա նշեց, որ իրենց օգնություն չեկավ, քանի որ պառակտում էր սկսվել: Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանում քաղաքական գործիչները միտինգներ էին անում ու ամեն մեկն իրենն էր պնդում, իսկ պետք էր ուղղակի միանալ:«Մարդկանց մի մասը կարծում էր` Գորբաչովի հետ կարելի է լեզու գտնել, մյուսներն ասում էին` թող Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մնա, ուրիշները` Մարտունաշենը, Գետաշենը տանք: Մարդիկ էլ կային կռվելու համար չէին: Ամեն տղամարդ չէ, որ ծնվել է զինվոր լինելու համար ու ամեն մարդ չի ծնվել ժողովրդի ճակատագիր կերտելու համար: Հայրենիք, հայրենասիրություն, ազգ. սա բոլորի համար չէ», - ասաց Մ.Եղիազարյանը:

Այսօր էլ քաղաքական իրավիճակը կայուն չէ ու այդ պատճառով նա անուններ չտվեց, բայց նշեց, որ որոշ քաղաքական ուժեր «Արաբոյի» սխրանքը ուրիշներին են վերագրում: «Մարտունաշենում 5 օր մնացած, գնացած մարդկանց անուններ են տալիս, «Արաբոյի» տղաների անունը, որ 7 ամիս 18 օր պաշտպանել են`չէ: Այն մարդականց են հերոս ներկայացնում, որ իրենց մայրերի չէ, կանանց փեշի տակ էին մտել: Կամ նրանց, որ բացի շտաբում քարտեզի վրա մի երկու գծից, ուրիշ ոչինչ չեն արել: Նաև տղաների անուններ, որ զոհվել են ու նրանց դեմ մենք ոչինչ չենք ասի», - ասաց Մ.Եղիազարյանն ու ավելացրեց, որ եթե այս պահին հստակեցնի, թե իր խոսքն ում է ուղղված, կասեն` Մանվել Եղիազարյանը նրա մրցակցի թիմից է:

««Արաբոյում» 1700 մարդ կա ու նրանց 99 տոկոսը կուսակցական չէ: Ով կարողանա «Արաբո» ջոկատին իրենով անի`մեծ հեղինակություն ու հարգանք կվաստակի: Բայց հենց անկուսակցական լինելու պատճառով մենք կարողացանք այն ժամանակ միավորվել ու կռվել: Ես ասել էի` ով կուսակցական հայացքներ ունի, թող դրանք Երևանում թողնի, կգնա կնոջ մոտ կքննարկի, իսկ կռվի ժամանակ թուրքրին այնպես պիտի ճռճռացնենք, որ նույնիսկ մերոնք, որ Դեր Զորում են զոհվել, լսեն», - ասաց Մ. Եղիազարյանը:

Նա ավելացրեց, որ իրենք պայքարել գիտեն ու դա դեռ Մարտունաշենում ապացուցեցին. «Երբ ռուսները մեզ լուրջ չէին ընդունում, չէին հավատում որ մենք կարող ենք պատերազմել: Եղեռնի ժամանակ մեզ կոտորել էին ու հիմա ոչ ոք չէր սպասում, որ հայերը կկանգնեն, կկռվեն, բայց մենք արեցինք դա: Հայ տղամարդը արեց: Մարտունաշենից հետո բոլորը հասկացան, որ մենք պայքարել գիտենք»:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---