Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը

Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպմանը քննարկվեցին Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Ա. Գևորգյանը գոհունակություն հայտնեց, որ ուշադրություն է դարձվում նաև մարզերում և համայնքներում զարգացման ծրագրերի իրագործմանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը մասնավորապես անդրադարձան մարզերում որոշ ծրագրերի շարունակման, համայնքների զարգացմանն ուղղված փոքր ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հնարավորություններին: Նման ծրագրեր հնդկական կողմն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Մասնավորապես, Հնդկաստանի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի միջնակարգ դպրոցը: Ավարտվել է Տավուշի մարզի 72 դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում դպրոցներն ապահովվել են համակարգչային արդիական տեխնիկայով և գույքով: Դեսպանը նշեց, որ հնդկական կողմը պատրաստակամ է շարունակել նույն ծրագիրը մեկ այլ մարզում: Քննարկվում է նաև համայնքներում փոքր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում:

Ա. Գևորգյանը ողջունեց նման մտադրությունը: Անդրադառնալով համակարգչային դասարանների ստեղծման ծրագրին` նա նկատեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ներկայումս համայնքներում կատարվում են էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքներ, և հնդկական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագիրը համահունչ է այդ նպատակին: Ա. Գևորգյանը տեղական հումքով աշխատող փոքր արտադրությունների ստեղծմանն ուղղված ծրագրերը ևս կարևոր համարեց համայնքների զարգացման տեսանկյունից: Նա նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է նման նախագծերի իրականացմամբ և աջակցության պատրաստակամություն հայտնեց:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---