Գ.Մինասյան. Ծրագրային բյուջետավորումը հանրային ֆինանսները ծախսելու ամենավերահսկելի տարբերակն է

Գ.Մինասյան. Ծրագրային բյուջետավորումը հանրային ֆինանսները ծախսելու ամենավերահսկելի տարբերակն է

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ պատգամավորների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում է անցում կատարել ծրագրային բյուջետավորմանը: Այն արդեն իսկ տեղ է գտել վերջին տարիների բյուջեներում, սակայն առանց օրենսդրական պարտավորության: Արդյունքի և որակի գնահատումը որպես հիմնական թիրախ դիտարկելով՝ բյուջետային գործընթացը, ըստ բանախոսի, կդարձնեն առավել թափանցիկ: Թեև բոլոր երկրները չեն առաջնորդվում ծրագրային բյուջետավորման մոդելով, Գագիկ Մինասյանն այն համարեց հանրային ֆինանսները ծախսելու ամենաարդյունավետ, միաժամանակ ամենավերահսկելի տարբերակը: Ընդգրկուն ձևաչափով այս քննարկման նպատակը, հանձնաժողովի նախագահի խոսքերով, մինչ հաջորդ քառօրյա նիստերը՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկումը, գնահատելն է, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում, բացահայտելը հնարավոր թերություններն ու ռիսկերը: Արդյունքում՝ հասնելը քաղաքական բոլոր ուժերի և հանրության բոլոր շերտերի համար ընկալելի և ընդունելի՝ ծրագրերի վրա խարսխված բյուջեի կազմմանը:

Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկաներին տեղեկություններ հաղորդեց թե նոր համակարգի ներդրման, թե գործընթացի առավելությունների ու թերությունների մասին: Ն որպես ծրագրային բյուջետավորման առավելություն առանձնացրեց ծախսերի պլանավորման հստակությունը և արդյունավետությունը, կառավարման բարելավումը, կատարողականի ճշգրիտ գնահատումը, գործընթացի թափանցիկությունը: Որպես թերություն նա նշեց համակարգի ներդրման աշխատատարությունն ու ժամանակատարությունը, միաժամանակ տնտեսագիտական դասակարգմամբ տողառտող բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության թուլացումը: Ծրագրային բյուջետավորման համար կպահանջվի նաև հզորացնել պետական մարմինների կարողությունները: Ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց գործընթացն ըստ փուլերի ներդնելու կառավարության պատկերացումները և հնարավոր համարեց մասնակիորեն այն կիրառել 2016 թ.-ից և ամբողջապես՝ 2018 թ.-ից:

Հաջորդ զեկուցող ՝«Ավագ Սոլյուշնս» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահրամ Ավանեսյանը ներկայացրեց այս ոլորտում միջազգային փորձը: Ըստ այդմ՝ զարգացած բոլոր երկրներն այս կամ այն չափով կիրառում են ծրագրային բյուջետավորման սկզբունքը, և այն ուրույն է յուրաքանչյուր երկրում: Փորձագետը այս համակարգի ամենաբարդ խնդիրը համարեց ծախսային ծրագրերի վերջնական կամ միջանկյալ արդյունքների գնահատումը՝ ոչ ֆինանսական ցուցանիշների արդյունավետ համակարգի մշակումը: Միջազգային փորձը վկայում է, որ ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրումը պահանջում է 10-15 տարի, և գերադասելի է այն իրականացնել փուլային տարբերակով: Մասնագետի կարծիքով՝ համակարգն արդյունավետ է այն դեպքում, եթե պահանջված է օրենսդիր մարմնի կողմից: Ժամանակի ընթացքում այն, բանախոսի համոզմամբ, կհանգեցնի նաև կառավարման կառուցվածքի փոփոխությունների: Խոսելով Հայաստանի ներկա իրավիճակի և համակարգը ներդնելու առանձնահատկությունների մասին՝ Վահրամ Ավանեսյանը նշեց, որ կա ծրագրերով բյուջեն կազմելու փորձ, մեթոդաբանությունը հիմնականում մշակված է, պետական ֆինանսական կառավարման անհրաժեշտ բարեփոխումներն արվել են կամ էլ ընթացքի մեջ են: Փոխարենը բավարար չեն պետական մարմինների կարողությունները, ինչպես նաև ներդրումների անհրաժեշտություն կառաջանա: Փորձագետը նշեց, որ 2013 թ. բյուջեում արտացոլված է 175 ծրագիր և 905 ծրագրային միջոցառում, ծրագրային անձնագրեր-նկարագրեր ունեն 12 պետական կառույցներ: Զեկուցողը որպես առաջիկա անհրաժեշտ քայլ նախ նշեց ծրագրային բյուջետավորման համար օրենսդրական հիմքի ապահովումը, մեթոդաբանության կատարելագործումը, կարողությունների հզորացումը: Ընկերության գլխավոր խորհրդական Լևոն Բարխուդարյանը լսումների մասնակիցներին ՀՀ ոստիկանության բյուջեի կազմման օրինակով ցույց տվեց գործող և ծրագրային ձևաչափի համեմատականը՝ ծրագրավորվածի դեպքում ակնհայտ դարձնելով վերջնական արդյունքը: Մասնագետների բնորոշմամբ՝ ծրագրային բյուջետավորումն ըստ էության բյուջեի կառավարման ապակենտրոնացում է, ինչը պահանջում է անընդհատ աշխատանք:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց՝ նախանշված ժամկետներն այն նվազագույնն են, որոնք անհրաժեշտ են առկա համակարգերը ծրագրային բյուջետավորմանը համապատասխանեցնելու համար: Պատգամավորներից առաջարկ եղավ օրենսդրորեն ամրագրել այս համակարգի ներդրման ժամկետները՝ դրանով իսկ պետական մարմիններին նախապատրաստվելու և կարողությունները հզորացնելու, մասնագիտանալու ազդակ հաղորդելով: Պավել Սաֆարյանը նկատեց, որ գործընթացի մեջ ներգրավվելու են 5-6 հազար մարդ, և կարևոր է նրանց մասնագիտական պատրաստվածությունը: Առաջարկ եղավ նաև քննարկել ներքին աուդիտի և ծրագրային բյուջետավորման փոխկապակցվածությունը՝ քայլերն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու համար: Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, առաջարկեց համայնքները ևս ներառել ծրագրային բյուջետավորման գործընթացում՝ բարեփոխումների դաշտից դուրս չթողնելով հանրապետության 910 համայնքները: Ֆինանսների փոխնախարարը համաձայնելով և արձագանքելով առաջարկին դա ժամանակի խնդիր համարեց:

Ամփոփելով լսումները՝ Գագիկ Մինասյանն այս ձևաչափով քննարկումներն արդյունավետ համարեց: Նրա խոսքերով՝ սա գործընթացն ամբողջ ծավալով ներկայացնելու, խնդիրները գնահատելու առաջին փորձ էր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---