Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանն օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել էր, որ ԱԻՆ նախկին շենքը (Պուշկինի 25) ապամոնտաժվում է: Նրա տեղեկություններով՝ շենքի տեղում պատրաստվում են հյուրանոց կառուցել: Ի պատասխան ֆոտոլրագրողի այս հայտարարությանը՝ քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ շենքի արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություն չի նախատեսվում:
Քանի, որ կառավարության 2011թ–ի մայիս 5–ի 577 – Ն որոշմամբ ամրագրվել է, որ այս շենքի հետ կապված «կառուցապատման վերակառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը և այդ վերակառուցման աշխատանքների նախագծի համաձայնեցումը կառուցապատողի անվամբ պետք է լինի ՀՀ քաղաքաշինության նախարարության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելով միայն», փորձեցինք Մշակույթի նախարարությունից պարզել՝ երբ են այս երկու նախարարությունները տվել իրենց համաձայնությունը: Ի պատասխան PanARMENIAN.Net-ի հարցմանը, Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից հայտնել են, որ Պուշկինի 25 հասցեում գտնվող հուշարձան-շենքի ուժեղացման, փոփոխման նախագծային փաստաթղթերին ՀՀ մշակույթի նախարարությունը համաձայնություն չի տվել:
«Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքների իրականացմանը, տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված կարգով այն տրվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ս. թ. ապրիլի 16-ի դրությամբ Պուշկինի 25 հուշարձան-շենքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում»,-ասված է նախարարության պատասխան գրության մեջ:
Նշենք, որ այս շենքը կառուցվել է Թամանյանի նախագծով: Այն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Հավելենք, որ այս շենքը 2004թ–ին օտարվել էր և տրվել էր «Լև ընդ Դավ գրուպ»ՍՊԸ–ին։ Կառավարության 2011թ–ի մայիս 5–ի 577 – Ն որոշմամբ շենքը հետ է վերցվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Այս նույն որոշմամբ է լամրագրվել է, որ «կառուցապատման, վերակառուցման աշխատանքների նախագիծը պետք է համաձայնեցվի վերոհիշյալ երկու նախարարությունների հետ: