ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) 2013թ. իրականացնում են «Աջակցություն չրերի արտադրությանը» համատեղ ծրագիրը: Այս տարի ծրագրին մասնակցում է շուրջ 60 արտադրող Արարատից, Արմավիրից, Մեղրիից ու Տավուշից, որոնք մասնակցել են և կմասնակցեն հատուկ սեմինարներին և կծանոթանան մշակված բիզնես մոդելին ու տեխնոլոգիական մոդելին: Դրանից հետո նրանք իրենց ծրագիրը կներկայացնեն Ազգային կենտրոնի հանձնաժողովի քննարկմանը, որից հետո հավանություն ստանալու դեպքում կարող են դիմել ֆինանսավորման համար ու մինչև 5 մլն դրամ վարկեր ստանալ 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով:
Ինչպես ասաց ՓՆՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը, EDMC / USAID շրջանակներում Հայաստան է հրավիրվել իտալացի փորձագետ-շուկայագետ Ռուջերո Մալոսսին, որը մշակել է Հայաստանում չրերի արտադրության որակի չափանիշները, ինչը թույլ կտա որակավորել արտադրանքը ըստ 3 կարգերի՝ բարձր որակի, միջին ու ցածր: Շնորհիվ դրան ինքն արտադրողը կարող է հասկանալ, թե ինչ որակ ունի իր արտադրանքը և կձգտի բարելավել իր դիրքերը շուկայում: Վարազդատ Կարապետյանը հավելել է նաև, որ առաջին երկու տարում ենթադրվում է ավելացնել արտադրության ծավալներն ու բարելավել արտադրության որակը, որից հետո միայն նախատեսվում է դուրս գալ արտաքին շուկա: Այսօրվա դրությամբ հայ արտադրողներն արտահանում են չրերը հիմնականում Ռուսաստան և միայն փոքր խմբաքանակներ են հասնում եվրոպական շուկա:
Խնդիր է դրված հավաքատեղի ստեղծել և, պատշաճ մակարդակի որակ ապահովելով, դուրս գալ արտաքին շուկա, առավել ևս, որ հայկական չիրը մեծ պահանջարկ ունի:
ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) 2013թ. ապրիլի 18-ին չիր արտադրող հայաստանյան 70 ընկերությունների համար շնորհահանդես էին կազմակերպել` «Աջակցություն չրերի արտադրությանը» համատեղ նախաձեռնության շրջանակում: