18 ապրիլի 2013 - 14:57 AMT
Պողոս Պողոսյան. Անդրանիկ Կարապետյանը շատ վստահ է ելույթ ունեցել ծանրամարտի ԵԱ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 3 մարզիկներով: Նրանցից մեկին` 77 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանին հաջողվել է նվաճել փոքր արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ չնայած իր երիտասարդ տարիքին, Կարապետյանը իրեն շատ լավ է դրսևորել մեծահասակների առաջնությունում:

«Նա փայլուն է ելույթ ունեցել, և միայն անձնական քաշի պատճառով չի կարողացել մեդալ նվաճել: Ես գոհ եմ նրա մասնակցությունից: Մեր գերծանրքաշային Գոռ Մինասյանը մինչև առաջնությունն էլ ծնկի վնասվածք ուներ, որը զգացնել տվեց: Այդ պատճառով որոշեցինք, որ նա հրաժարվի հրման 3-րդ մոտեցումից, որ վնասվացքն ավելի չխորանա»,- ասել է Պողոսյանը:

Իսկ Հայկ Հակոբյանը, որը հրումում 0 է ստացել, մարզչի խոսքով, պամոստ բարձրանալիս աջ ոտնաթաթն էր ոլորել, այդ պատճառով էլ անհաջող է մասնակցել:

Պողոսյանը նաև ընդգծել է, որ այս Եվրոպայի առաջնության նպատակն էր փորձարկել երիտասարդ ծանրորդների, որպեսզի նրանք պատրաստ լինեն մինչև 2016 թվականի Օլիմպիական խաղերը:

«Ըստ մեր քառամյա ծրագրի, 2013-2014 թթ. պետք է ընթանա հավաքականի համալրումը, այդ պատճառով էլ ես ցանկանում էի գործի մեջ տեսնել մեր տաղանդավոր երիտասարդ ծանրորդներին»,- ավելացրել է նա:

Մայիսի 15-ից հավաքականը սկսելու է ուսումնամարզական հավաք, որի ընթացքում ծանրորդները պատրաստվելու են ամռանը Կազանում կայանալիք Ունիվերսիադային և աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է աշնանը: