Հայերը նախնիներից մնացած մշակութային արժեքներն առանձնապես չեն գնահատում: Կարծիքը հուշարձանագետ Սամվել Կարապետյանինն է: Նա այսօր ասուլիսի ժամանակ իրավիճակը շտկելու իր տարբերակն է առաջարկել` ուզում է 5 րոպեով Կրթության և գիտության նախարար լինել։ «Որպես ԿԳ նախարար առաջին քայլս կլինի այն, որ կհրահանգեմ հանրակրթական բոլոր դպրոցների տնօրեններին երեխաներին արշավների տանել», - ասել է Ս. Կարապետյանն ու նշել, որ հայ երեխաները հայկական արժեքներով չեն մեծանում ու դա էլ այն պատճառներից է, որ մեր հուշարձանների մեծագույն մասը վատ վիճակում է։ Հուշարձանագետը նշել է նաև, որ երեխաները, և ոչ միայն, հուշարձանների մասին բավարար գիտելիք չունեն:
«Իսկ այս ամենի հիմքը կրթական համակարգում է: Հայրենիք ճանաչող հայ մարդը չի կարող լքել այն։ Մենք տնտեսական պատճառներով չենք արտագաղթում, դա կեղծիք է: Մարդկանց 40%–ն արտագաղթելու ցանկություն ունի, քանի որ մենք ամենանվազ հայրենաճանաչ հասարակությունն ենք»,– ասել է Ս. Կարապետյանը:
Անդրադառնալով այսօրվա` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդին, նա նշել է. «Ուրախ եմ, որ տարվա մեջ մի օր նվիրել են հուշարձանների խնդրին, բայց թե մեր հասարակությունում որքանով է դա կարևոր, ես, համենայնդեպս, չեմ զգացել»։ Իսկ հուշարձանների պահպանությունը, հուշարձանագետի խոսքով, միայն գումարից չէ, որ կախված է: Նույնիսկ ներդրումներով վատ արդյունքի ենք հասել։