Ամենայն Հայոց կաթողիկոսն իր մտահոգություններն է արտահայտել Թորբյորն Յագլանդին

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր մտահոգություններն է արտահայտել Թորբյորն Յագլանդին

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Ողջունելով Թորբյորն Յագլանդի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նորին Սրբությունը նշեց, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ինչը քրիստոնեական արժեհամակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկն է:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար մտահոգություն արտահայտեց «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ եվրոպական տարբեր կառույցների կողմից առնվող որոշումների կապակցությամբ` ընդգծելով, որ նման պարագաներում հարկ է նկատի առնել տվյալ երկրի առանձնահատկություններն ու կացությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հավատի և կրոնի նկատմամբ հասարակության վերաբերմունքին, տարածաշրջանային խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին, ինչպես նաև միջկրոնական երկխոսության կարևոր դերակատարությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---