Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը բացի վարչապետի նշանակման հարցից, որևէ այլ թեմայի շուրջ քննարկում չի եղել, այդ թվում` անդրադարձ մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդի և ՀՀ նախագահի հանդիպումը անցել է մինչ այդ եղած բոլոր հանդիպումների` «նախագահ ջան», «Գագիկ, բա ինչո՞ւ ես...» ոգով:
«Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ԲՀԿ աղբյուրները չեն մանրամասնում, տեղեկացնում են, որ «ավագանու ընտրություններում ռուբիկոնն անցնող սև փիար երկու կողմից էլ չի լինելու, Ծառուկյանին հաջողվել է համոզել, որ «բռնոցի» էլ չլինի»: Ինչն էլ ԲՀԿ-ի ձեռքերին ազատություն է տվել, և եթե մինչ այդ ԲՀԿ քարոզիչները տնետուն ակցիայի ժամանակ փողի մասին վախենում էին խոսել, կիրառում էին միայն «ի՞նչ հոգս ունեք հոգալու ձեր տանը» ակցիան, այժմ, այցելելով ընտրողներին, ասում են, որ ընտրության օրը փող կստանան. ստույգ չափը չեն նշում»,- գրում է թերթը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու տեղեկությունների մասին ասաց նույնը, ինչ միշտ է հայտարարում: «Վաղուց արդեն հարկավոր է, որ, եթե նման բան կա, կաշառքի փաստի առիթով դիմեն ոստիկանություն: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա այն սուտը, որը տարածում են սև քարոզչության շրջանակներում»,- ընդգծեց ԲՀԿ մամուլի խոսնակը:
Ավելացնենք, որ ՀՀ նախագահը ապրիլի 19-ին հանդիպել և ՀՀ վարչապետի նշանակման հարցով խորհրդակցել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: