ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Հանդիպմանը Օ. Պավլյուկը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին հետևելու համար:
Առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաև ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի հրավերն ընդունելու համար և ողջունեց դիտորդների առաջիկա այցը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Ա. Գևորգյանը նշեց, որ հունիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, այնուհետև կհրավիրվի միջազգային համաժողով՝ նվիրված տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության խնդիրներին, իսկ աշնանը նախատեսվում է ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում Երևանում: ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանը զրուցակիցները փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու լավ հնարավորություն համարեցին:
Կողմերը քննարկեցին նաև տեղական ինքնակառավարման համակարգի հետագա բարեփոխումներին առնչվող հարցեր: Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ առաջիկա բարեփոխումները վերաբերելու են համայնքների խոշորացման, ֆինանսական
համահարթեցման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ընդլայնման, ավագանու ինստիտուտի ամրապնդման, համայնքային ծառայության համակարգի կատարելագործման ուղղություններին: Նա նշեց, որ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է նաև ԵԽ գործընկերների աջակցությունը:
Oլեքսանդր Պավլյուկը հավաստիացրեց, որ Եվրախորհուրդը կարևորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը և կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց, հայտնում է նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը: