Գործարկվում է «Փոստմոբիլ» նոր համակարգը, որը կընդլայնի «Հայփոստ»-ի ցանցը

Գործարկվում է «Փոստմոբիլ» նոր համակարգը, որը կընդլայնի «Հայփոստ»-ի ցանցը

PanARMENIAN.Net - «Հայփոստ»-ը մեկնարկում է «Փոստմոբիլ»-ի գործարկումը` նոր համակարգ, որը կընդլայնի «Հայփոստ»-ի ցանցը` հասանելի դարձնելով ժամանակակից, հարմարավետ և մատչելի փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայությունները գյուղական համայնքների բնակչության համար:

Սկզբնական շրջանում «Փոստմոբիլ»-ը պարբերաբար կայցելի Արագածոտնի գյուղական համայնքներ` որտեղ առկա են փոստային բաժանմունքներ և այն համայնքներ, որտեղ փոստային ծառայությունները նախկինում անհասանելի են եղել:

«Փոստմոբիլ»-ի գաղափարն իրագործվել է «Հայփոստ»ի գործընկերների`Իտալիայի, ՌԴ-ի և Ֆրանսիայի փոստային օպերատորների հաջողված փորձի հիման վրա: Այն փոստային բաժանմունք է անիվների վրա` հարմարեցված Հայաստանի կլիմայական և լանդշաֆտային պայմաններին: «Փոստմոբիլ»-ը հագեցած է տեխնիկական սարքավորումներով` էլեկտրաէներգիայի գեներատորով, համակարգչային սարքավորումներով, ջեռուցման, օդորակման, ինչպես նաև անվտանգության և տեսագրման համակարգերով: Շարժական փոստային բաժանմունքն առցանց կապով միացված կլինի գլխամասին նույն համակարգով, ինչը գործում է «Հայփոստ»-ի ողջ ցանցում: Ներդրված GPS համակարգը թույլ կտա վերահսկել երթուղին գլխամասից, ինչը կհանգեցնի անվտանգության և մատուցվող ծառայությունների մակարդակի աճին:

Փոստային բաժանմունքը համայնքեր կայցելի ամեն շաբաթ որոշակի ժամերի և կկայանվի նախապես սահմանված վայրերում: Բնակիչները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել, օգտվել կատալոգային վաճառքի, ապահովագրության և ավանդական փոստային ծառայություններից:

«Փոստմոբիլ»-ը «Հայփոստ»-ի ժամանակակից ծառայությունները կհասցնի հեռավոր գյուղական համայնքներ` այդպիսով հնարավորություն ընձեռելով բնակիչներին` օգտվելու միևնույն բարձրորակ ծառայություններից և ապրանքներից, որոնք առկա են քաղաքների փոստային բաժանմունքներում:

Որդեգրելով սպասարկման նոր մոտեցում` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մեկ քայլ առաջ է գնում Հայաստանի փոստային օպերատորի արդիականացման և «Հայփոստ»-ը ոլորտի առաջատարներից մեկը դարձնելու ճանապարհով, ասվում է «Հայփոստի» հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---