Վերջ տվեք ցեղասպանության մերժմանը. պահանջում են Լայպցիգի հայերը

Վերջ տվեք ցեղասպանության  մերժմանը. պահանջում են Լայպցիգի հայերը

PanARMENIAN.Net - Օրեր առաջ Լայպցիգի հայկական համայնքը հերթական անգամ միացավ աշխարհասփյուռ հայերի կոչերին. ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 98-րդ տարելիցի առթիվ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Նիկոլայ Եկեղեցում ապրիլի 15-ին «Խաղաղության աղոթքի» շրջանակներում Տեր Գնել Գաբրիելյանի ներկայությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի աղոթք:

Արարողությանը, բացի տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև բազմաթիվ օտարերկրացիներ: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ արարողության սկզբում Պարոն Յինդրա Զինգերը հանդես եկավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիված վերլուծությամբ, որին հաջորդեց Տեր Գնել Գաբրիելյանի աղոթքը` Ներսես Շնորհալու Տեր Ողորմիայի առաջին մասով:

Մեծ Եղեռնի մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար արարողությունը շարունակվեց եկեղեցու բակում: Սև սավանի վրա փակցված ցեղասպանության մասին իրազեկող պաստառի շուրջ ակցիայի մասակիցները մոմեր վառեցին և որպես բողոքի նշան մոտ մեկ ժամ շարունակեցին համախմբված մնալ պաստառի շուրջ:

Ակցիայի կազմակերպիչ, Լայպցիգի «Հայկական Միության» վարչության անդամ Անահիտ Բաբայանի կարծիքով նմանատիպ արարողություններն ունեն հիմնականում երկու կարևոր նշանակություն. առաջին հերթին` որպես համայն հայության մի մասնիկ, հիշելու և դատապարտելու պատմական անցյալը, և երկրորդ հերթին` իրազեկելու և պահանջելու ցեղասպանության ճանաչումը ինչպես Լայպցիգ քաղաքում, այնպես էլ Գերմանիայում: Իրազեկող պաստառի վրա գերմաներենով գրված էր. «Հայոց ցեղապանության 98-րդ տարելից. հիշտակի օր: Հարգենք 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Վերջ տվեք ցեղասպանության մերժմանը»: Եկեղեցին, որի բակում անցկացվում էր ակցիան, գտնվում է Լայպցիգի կենտրոնական մասում, ինչն էլ գրավում էր անցորդների ուշադրությունը:

Այս օրերին Գերմանիայի տարբեր քաղաքներում շարունակվում են ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ, ցույցեր և քայլարշավներ, ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---