2006 թվականի փետրվարին Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը կայցելի Բրազիլիա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Լատինամերիկյան խորհրդարանի նախագահ Նեյ Լոպես դե Սոուզան ընդունել է Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Եղիազարյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում նախագահը պատմել է 1964թ. ստեղծված եւ այժմ տարածաշրջանի 22 երկրներ միավորող այդ հաստատության կառուցվածքի, նրա առջեւ դրված հիմնական խնդիրների ու նպատակների մասին, անդրադարձել 2002թ. ապրիլին Լատինամերիկյան խորհրդարանի եւ ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում տարվող աշխատանքներին: Աշոտ Եղիազարյանը Նեյ Լոպես դե Սոուզային է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի ողջույնը` նշելով, որ Հանրապետության խորհրդարանը շահագրգիռ է գործնական կապեր հաստատել տարածաշրջանային օրենսդրական մարմինների, այդ թվում` Լատինամերիկյան խորհրդարանի հետ: Նա պատմել է Հայաստանի օրենսդիր մարմինների գործունեության, Եվրոպական համապատասխան կառույցների հետ նրանց փոխհարաբերությունների մասին, տեղեկացրել` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Նեյ Լոպես դե Սոուզան ընդգծել է, որ 2006թ. փետրվարին Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության Բրազիլիա այցի ընթացքում համագործակցության հնարավորություններ կստեղծեն նաեւ Լատինամերիկյան խորհրդարանի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ: Լոպեսի հրավերով, Աշոտ Եղիազարյանը, որպես հատուկ հրավիրյալ, մասնակցել է Լատինամերիկյան խորհրդարանի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին:
 Ուշագրավ
---