28 նոյեմբերի 2005 - 17:09 AMT
ԵԽ դիտորդների պատվիրակությունը երկու զեկույց կպատրաստի ՀՀ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ
Խորհրդարանական Վեհաժողովի եւ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները, միջազգային պատվիրակության անդամների սահմանափակ քանակի պատճառով, չեն հասցրել լինել բոլոր մարզային ընտրատեղամասերում: Ինչպես այսօր Երեւանում հայտարարել են իրենք դիտորդները, ընտրատեղամասերի մեծ մասում, որոնք նրանք հասցրել են այցելել, քվեարկությունը համապատասխանել է միջազգային չափանիշներին, սակայն նրանք ափսոսանք են հայտնել, որ որոշ ընտրատեղամասերում գրանցվել են խախտումներ, հատկապես` Երեւանում, Արմավիրի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում: Բացի այդ, պատվիրակության ներկայացուցիչները երկակի չափանիշների դրսեւորում համարեցին հանրաքվեի հարցում հայկական ընդդիմության որդեգրած դիրքրոշումը: Դիտորդները պարզաբանել են, որ որոշ տեղամասերում ընդդիմության ներկայացուցիչներ կային, որոշ տեղերում ` ոչ, ընդ որում, որ ընդդիմության առաջնորդները կոչ էին արել բոյկոտել հանրաքվեն: Դիտորդներից մեկի խոսքերով, ինքն եղել է 15 ընտրատեղամասերում, որոնցից 14-ում «ընտրական գործընթացը կարող է հպարտության զգացում առաջացնել», սակայն, մի տեղամասում գրանցվել են խախտումներ:
«Այդ խախտումներն, իհարկե, բավարար չեն քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու համար, սակայն ես հուսով եմ, որ Հայաստանի ԿԸՀ-ն կքննի կատարվածը եւ կպատժի մեղավորներին»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի դիտորդների պատվիրակության ներկայացուցիչը: Միջազգային դիտորդները հաղորդել են նաեւ, որ «Հայաստան չեն ժամանել սահմանադրական հանրաքվեի արդյունքները ճանաչել կամ չճանաչելու համար, քանի որ դա Հայաստանի ԿԸՀ գործն է»: Նրանց խոսքերով, հարկ է ընդունել այն փաստը, որ մի շարք դեպքերում եղել են խախտումներ: Սակայն որոշ մարդկանց կողմից կատարված խախտումների պատճառով չի կարող անվավեր ճանաչվել ողջ գործընթացը: Պատվիրակության անդամները հաղորդել են, որ կնախապատրաստեն երկու զեկույց` Խորհրդարանական վեհաժողովի եւ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի զեկույցները, որտեղ հստակ կնշեն այն խնդիրները, որոնք առկա են եղել իրենց առաքելության ընթացքում: