24 ապրիլի 2013 - 18:26 AMT
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցնում Բուլղարիայի հայաշատ քաղաքներում

Ապրիլի, 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ելույթով հանդես եկավ դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես, նշեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտեց ժխտողականության քաղաքականությունը: Պսակադրման արարողությանը հաջորդեց հոգեհանգստյան Սուրբ պատարագ, որը մատուցվեց Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում: Միջոցառումենրը լուսաբանում էին Բուլղարական «Ալֆա» և «Սկատ» հեռուստաընկերությունները, որոնց հարցազրույց տվեց ՀՀ դեսպանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները շարունակվում են Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում, Սլիվենում: