2 դեկտեմբերի 2005 - 12:56 AMT
Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի իրագործումը փաստորեն սկսվել է
Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի իրագործումը փաստորեն սկսվել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի հայաբնակ շրջանի` Ջավախքի սպորտամշակութային միության նախագահ, Ջավախքի դեմոկրատական կուսակցության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը: Նրա խոսքերով, տեխնիկատնտեսական հիմնավորումն ավարտելուն պես մայրուղու շինարարության համար նախատեսվող տեղամասեր են այցելել մի ճապոնական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք հավակնում են մասնակցել մրցույթին, եւ Վրաստանի շինարարության նախարարը: «Նախատեսվող մայրուղու մերձակա տների բնակիչներին առաջարկվում է վաճառել իրենց հողամասերը, ոմանց արդեն որոշակի գումարներ են խոստացվել, տարվում է լայն քարոզչական աշխատանք: Տեղի են ունեցել նաեւ այցելուների կոնֆիդենցիալ հանդիպումներ տեղի ղեկավարության հետ»,-տեղեկացրել է Չախալյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ տարածաշրջանի հայ բնակչությունը կտրականապես դեմ է այդ նախագծի իրագործմանը: «Դա հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ջավախքի շահերին, քանի որ կզորացնի թուրքական տարրի թափանցումը տարածաշրջան, ինչպես նաեւ կամրագրի Հայաստանի տրանսպորտային շրջափակումը: Մենք մտադիր ենք ակտիվորեն խոչընդոտել այդ աշխատանքներին բոլոր հնարավոր միջոցներով»,-հայտարարել է Վահագն Չախալյանը: Նշենք, որ այդ երկաթուղու կառուցման դեպքում, կշրջանցվի Կարս-Գյումրի (Հայաստան)-Թբիլիսի գոյություն ունեցող, բայց չգործող երկաթուղային ճանապարհը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի գլխավորությամբ նամակ է հղել ԱՄՆ պետական քարտուղար Քոնդոլիզա Ռայսին` խնդրելով ձեռնպահ մնալ այլ նախագծի ֆինանսավորումից, որը հակասում է Վաշինգտոնի երկարաժամկետ շահերին այդ տարածաշրջանում: Ավելի վաղ Հայաստանը շրջանցող այդ կամ հաղորդակցական ցանակացած այլ նախագծի ֆինանսավորման աննպատակահարմարության մասին են արտահայտվել նաեւ մի շարք եվրոպացի քաղաքագետներ, որոնք կարծում են, թե Թուրքիան գտնվելով ԵՄ-ին անդամակցության ճանապարհին պետք է լավ հարաբերություններ հաստատի բոլոր հարեւան երկրների, այդ թվում` Հայաստանի հետ, եւ ապաշրջափակի նրա հետ սահմանը: Հայ մասնագետները այն կարծիքի են, որ Թուրքիայից Վրաստան, այնուհետեւ դեպի Ադրբեջան երկաթուղու կառուցումը վերջակետ կդնի հաղորդակցությունների ոլորտում Հայաստանի ձգտումներին եւ կատարված փաստ կդարձնի նրա լիակատար մեկուսացումը:

Բացի այդ, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցումը ընդգրկված չէ ՏՐԱՍԵԿԱ միջազգային ծրագրում: Այստեղ նշված է Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու գործարկման անհրաժեշտությունը: Այդ նախագծի դեմ են հանդես գալիս նաեւ Հայաստանի պաշտոնատար անձիք, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: