27 ապրիլի 2013 - 11:21 AMT
Օբյեկտիվ. Անվադողերից հեքիաթ սարքողը. Աղվան

Մաշան ու Արջը, Գենան ու Չեբուրաշկան… Հալաբյան փողոցի մի հատվածը իսկական հեքիաթ է՝ անվադողերից միայն: Մայթին շարված գույնզգույն ծաղկամաններից այնկողմ մի շարք կենդանիներ են՝ կապիկ, կարապ, փիղ… շարքը դեռ շարունակվելու է:

Առաջին հայացքից երկաթից կամ այլ նյութերից, իսկ իրականում՝ անվադողերից պատրաստված մուլտերի հերոսների ու կենդանիների հեղինակը մի քանի քայլ այն կողմ գտնվող անվադողերի վերանորոգման կետում է աշխատում: Աղվան Սահակյանն արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է այստեղ, իսկ աշխատանքի արդյունքում առաջացած թափոններից նա ստեղծում է Հալաբյան փողոցի փոքրիկ հեքիաթը:

Աղվանին երեխաները լավ գիտեն, գալիս են, պատվիրում իրենց ուզած կենդանուն կամ հերոսին, ու մի քանի օրից այն հայտնվում է իրենց սիրելի կենդանիների կողքին: Աղվանն ամենաշատը Տիմոնին ու Պումբային է սիրում, ասում է՝ շատ կենդանի են ստացվել, թվում է՝ հիմա հետդ կխոսեն: Իր սիրելի ստեղծագործությունը, սակայն, ամեն օր չի տեսնում. նվիրել է մանկապարտեզին: Ասում է՝ մանկապարտեզներին շատ ստեղծագործություններ է նվիրել, երեխաներին շատ է սիրում:

Արդեն երկար ժամանակ է՝ Աղվանը մի ցանկություն ունի՝ պատրաստել բոլոր կենդանիներից երկուական ու տապան կառուցել: Մի անգամ արդեն փորձել է, բայց չստացվեց, շատ մեծ էր, փակում էր հարևան շենքի պատուհանները: «Այս տարի սարքելու եմ, հաստատ կստացվի»,- ասում է նա:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News