Արմեն Գևորգյան. «Qatar Airways» ավիաընկերության մուտքը Հայաստան կնպաստի ոլորտում մրցակցության բարձրացմանը

Արմեն Գևորգյան. «Qatar Airways» ավիաընկերության մուտքը Հայաստան կնպաստի ոլորտում մրցակցության  բարձրացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, ՀՀ կառավարության և Քաթարի կառավարության միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Քաթարի արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Ա. Ռահման ալ- Մեղայիսիբին (նստավայրը` Թեհրան): Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց`հանձնաժողովի նիստն անցկացնել այս տարվա հունիսին, Երևանում, որոշվեց աշխատանքներ տանել` նիստի օրակարգը սեղմ ժամկետներում ձևավորելու ուղղությամբ: Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացման նախաձեռնություններին`որպես համագործակցության զարգացման արդյունավետ հարթակ դիտարկելով միջկառավարական հանձնաժողովը:

Ա. Գևորգյանը կարևորեց Հայաստան քաթարական ներդրումների ներգրավման հարցը` հեռանկարային համարելով համագործակցությունը գյուղատնտեսության,արդյունաբերության, զբոսաշրջության, գիտակրթական բնագավառներում: Քաթարի դեսպանը տեղեկացրեց, որ սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով մայիսի երկրորդ կեսին նախատեսվում է քաթարի աշխատանքի նախարարության պատվիրակության այցը Հայաստան:

Հանդիպմանը նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով հունիսին Հայաստան կայցելի Քաթարի քաղավիացիայի պատվիրակությունը: Ա. Գևորգյանը նշեց, որ աշխարհի առաջատարներից համարվող կատարական «Qatar Airways» ավիաընկերության մուտքը հայկական շուկա կնպաստի ուղևորափոխադրումների որակի և այս ոլորտում մրցակցության բարձրացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրներում դեսպանատների բացման հնարավորությանը և ընդգծեցին, որ այն կարող է նպաստել փոխգործակցության արդյունավետությանը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---