Մեքքայում ընթացող ԻԿԿ-ի գագաթնաժողովում քննարկվում է ղարաբաղյան հակամարտության հարցը

PanARMENIAN.Net - Նախօրեին Մեքքա քաղաքում սկսվել է Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ-երկրների գագաթնաժողովը: Մեքքայի գագաթնաժողովը դիտարկվում է որպես կարեւոր քայլ, ուղղված ԻԿԿ-ի կազմակերպչական կառուցվածքի կատարելագործմանը եւ նրա դերի բարձրացմանը միջազգային քաղաքականության մեջ: Նշենք, որ սա ԻԿԿ-ի թվով երրորդ արտահերթ գագաթնաժողովն է: Գագաթնաժողովում ելույթով հանդես եկած ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելեթդին Իհսանօղլուն (Թուրքիա) ընդգծել է «խիզախ քայլերի անհրաժեշտությունը» մահմեդական աշխարհի խնդիրները վերացնելու եւ առանձին մահմեդական երկրների եւ ժողովրդների հանդեպ սպառնալիքների չեզոքացման համար: Նրա խոսքերով, միայն նման քայլերի դեպքում հնարավոր կլինի արդարացի լուծում տալ պաղեստինյան խնդրին, խաղաղություն եւ անդորր ապահովել Իրաքում եւ լուծել մահմեդական աշխարհի այլ խնդիրները: Սուր խնդիրների թվում նա նշեց Քաշմիրի, Կիպրոսի, Լեռնային Ղարաբաղի եւ Չեչնիայի խնդիրները: Ներկայումս ԻԿԿ-ում նախագահող Մալայզիայի վարչապետ Աբդուլլա Բադավին առաջարկեց վերածել ԻԿԿ-ն մի նոր կազմակերպության եւ ստեղծել «մահմեդական պետությունների ուժեղ միություն»: Նա հայտարարել է, որ մահմեդական երկրների պառակտվածությունը նրաց թուլության հիմնական պատճառն է, եւ Մեքքայում ընթացող գագաթնաժողովը պետք է շրջադարձային լինի այս առումով:



Գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է մի շարք երկրների պաշտոնատար անձնաց հետ, այդ թվում Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆի հետ: Նախօրեին Ի.Ալիեւը ելույթ է ունեցել գագաթնաժողովում եւ անդրադառնալով մահմեդական աշխարհի ակտուալ խնդիրներին, հատկապես կանգ է առել ղարաբաղյան հակամարտության վրա: Ի.Ալիեւը մեկ անգամ եւս մասնակիցներին է շարադրել խնդրի էությունը եւ գոհունակություն հայտնել ԻԿԿ կողմից Ադրբեջանի «արդար դիրքորոշմանն» աջակցելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը որպես հավանության արժանի փաստ է գնահատել է «ղարաբաղյան հարցի վերաբերյալ ԻԿԿ-ի դիրքորոշման արտացոլումը գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում»: Միաժամանակ Ի.Ալիեւը կարեւորել է «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրմանը եւ հակամարտության շուտափույթ կարգավորմանն «ուղղված ջանքերի ակտիվացումը: Նշենք, որ ԻԿԿ-ն ստեղծվել է 1969թ. եւ ներկայումս ընդգրկում է 57 երկիր, հաղորդում է Բաքվի «525» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---