16 դեկտեմբերի 2005 - 14:06 AMT
Այսօր Սոչիում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը
Այսօր, դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում կունենա իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես լրագրողներին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը, Հայաստանի նախագահը Ռուսաստան կայցելի կարճատեւ աշխատանքային այցով Ռուսաստանի նախագահի հրավերով: Ինչպես ակնկալվում է, բանակցությունները հիմնականում կընթանան էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության շուրջ: Կարծիքներ կփոխանակվեն նաեւ 2006 թվականին Ռուսաստանում Հայաստանի տարվա վերաբերյալ, որը Մոսկվայում հունվարին անձամբ կբացի Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ անցնող տարին նշվում էր որպես Ռուսաստանի տարի Հայաստանում: 2005 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները հանդիպել են չորս անգամ: Հայկական կողմի տվյալներով, այս անգամ նախագահները կքննարկեն գազային ոլորտում համագործակցության նոր մեխանիզմները, կապված «Գազպրոմի» կողմից գնային քաղաքականության վերանայման հետ, ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի խնդիրը: Ռուսական կողմը մտադիր է Հայաստան առաքվող գազի գինը 56 դոլարից բարձրացնել մինչեւ 110 դոլար: Ռուսական «Գազպրոմ» եւ «ՌԱՕ ԵԷՍ Ռոսսիի» հոլդինգները հավակնում են մասնակցել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման ավարտման ծրագրին, որը սերտորեն կապված է Իրան-Հայաստան գազատարի շինարարության հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: