Մայիսի 14-ին Ս. Մովսես Տաթևացու հիշատակության օրն է

Մայիսի 14-ին Ս. Մովսես Տաթևացու հիշատակության օրն է

PanARMENIAN.Net - Ամեն տարի մայիսի 14-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվում է Սուրբ պատարագ (սկիզբը ժ. 10.30-ին) ի հիշատակ Ս. Մովսես Տաթևացու:

Նա ծնվել է 1578թ. Խոտանան գյուղում (Սյունիք), մահացել է 1632թ., Երևանում, ամփոփվել է Կոզեռնի գերեզմանոցում:

Նա եղել է Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը: 1629-1632թթ. դարձել է Ամենայն Հայոց Մովսես Գ Տաթևացի Կաթողիկոս:

Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացրել է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնել և բարվոքել եկեղեցիներն ու վանքերը:

Այս տարի լրանում է սրբի մահվան 381-րդ տարելիցը, և ի հիշատակ այդ տարելիցի՝ Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնից՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կտարվի 12-րդ դարին թվագրվող Զորավոր Ավետարանը, որպեսզի հավատացյալները կարողանան հաղորդակից լինել Ավետարանին և երկրպագել:

Ի դեպ, հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը մինչև Մատենադարան տեղափոխվելը պահվել է Սուրբ Աստվածածին եկեղեցում և այդտեղից էլ եկեղեցին վերանվանվել է Զորավոր Սուրբ Աստվածածին:

Լրագրողները կարող են ժ. 11.30-ից սկսած լուսաբանել Սուրբ Պատարագը և Սուրբ Ավետարանի երկրպագությունը, ասվում է Qahana.am կայքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---