13 մայիսի 2013 - 16:30 AMT
Հայաստանում սողանքների կառավարումը կիրականացվի Ճապոնիայի տեխնիկական աջակցությամբ

Այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետազոտական խմբի անդամներին` JICA-ի Ուզբեկստանի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յուկիհիկո Էջիրիի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում սողանքների կառավարման ծրագիրը, որում ներգրավված կլինեն նաև JICA-ի փորձագետները:

Խոսելով հետազոտական խմբի այցի նպատակների մասին` Յուկիհիկո Էջիրին ասել է. «Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին է սողանքային իրավիճակը Հայաստանում: JICA-ն արդեն երկրորդ հետազոտական խումբն է ուղարկում Հայաստան: Այս ընթացքում, ծրագրի մանրամասները քննարկելով, մենք կհաստատենք այն: Ուրախ ենք, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցելու ենք ՀՀ ԱԻ նախարարության հետ»:

«Հայաստանում մեծ քանակությամբ սողանքային տեղամասեր կան` մոտ 3000, որոնցից 300-ը բավականին ակտիվ են: Մեր գլխավոր նպատակն է ստեղծել սողանքների կառավարման պլան, իսկ առավել վտանգավոր սողանքների դեպքում` ավտոմատ կերպով իրականացնել մոնիթորինգ», - ասել է Ս. Ազարյանը:

ՓԾ տնօրենը ներկայացրել է սողանքային իրավիճակը Հայաստանում և ավելացրել, որ ծրագրի շրջանակներում ճապոնական գործակալության կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունը շատ գնահատելի և օգտակար կլինի:

Ծրագրի հայեցակարգը քննարկելուց հետո հետազոտական խմբի ղեկավարի տեղակալ Քենջի Յանոն նշել է. « Մեկ ամսվա ընթացքում կքննարկենք ծրագրի շրջանակներում փոխգործակցության բոլոր մանրամասները: Կարծում եմ` շատ արդյունավետ ծրագիր կստացվի և սողանքների կառավարումը Հայաստանում առավել կազմակերպված և արդյունավետ կդառնա»: Հանդիպման ավարտին կողմերը որոշեցին ոլորտի մասնագետների հետ ծրագրի վերաբերյալ քննարկում անցկացնել, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ճապոնական գործակալությունն ինչպիսի տեխնիկական աջակցություն կարող է տրամադրել հայկական կողմին: