13 մայիսի 2013 - 16:37 AMT
Հայ աստղագետներն Արցախում հանդես եկան դասախոսություններով

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Ստեփանակերտի և Շուշիի ավագ և հատուկ մասնագիտացված դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ընդամենն անցկացվեց 10 դասախոսություն:

Աստղագետները պատմեցին ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:

Դասախոսների թվում էին Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը և ԲԱ կրտսեր գիտաշխատող Գոհար Հարությունյանը: Աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, աստղագիտական օրացույցներ և քարտեզներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները:

Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Հանդիպումներ տեղի ունեցան նաև Արցախի կրթության և գիտության նախարարությունում, Արցախի պետական համալսարանում և դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների հետ, հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից: