Փորձագետ. Ժամանակն է լրջորեն մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին

Փորձագետ. Ժամանակն է լրջորեն մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին

PanARMENIAN.Net - Ժամանակն է լրջորեն մտածել էներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրների մասին, հայտարարել է մամլո ասուլիսւմ Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, «Տեխնո Էկո» ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը: «Եթե Հայաստանը սկսի գազի դիմաց վճարել այն գնով, ինչ Եվրոպան, ապա ի՞նչ վիճակում կհայտնվի մեր երկիրը»,-ասել է նա՝ մեկնաբանելով գազի սակագնի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակը:

Միխայիլ Մարտիրոսյանը օրինակ է բերել եվրոպական երկրները, որտեղ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացումը սուբսիդավորվում է պետության կողմից, ի տարբերություն Հայաստանի, որտեղ դա թողնված է միայն մասնավոր հատվածի վրա: Ըստ նրա, անցյալ տարի Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում անգլիացիների հետ համատեղ հիմնվեց արեգակնային կոլեկտորների արտադրություն: Աշխատանքի 10 ամիսների ընթացքում վաճառքների ծավալները կազմել են ընդամենը 10 մլն դոլար, ինչն ամենևին էլ մեծ գումար չէ:

Միխայիլ Մարտիրոսյանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Հայաստանում էներգաարդյունավետության մասին լավ օրենք է մշակվել, որը, ցավոք, մնացել է թղթի վրա: Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանում գործող ՀԷԿ-երն արտադրում են երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 30 տոկոսը, նույնքան, որքան ԱԷԿ-ը:

Իր հերթին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը համակարծիք էր, որ Հայաստանը պետք է մտածի էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման մասին, առավել ևս, որ ԱԷԿ շահագործման ժամկետը սպառվել է, իսկ ԵՄ-ն վերջնագիր է ներկայացնում այն փակելու մասին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---