ԱԺ նախագահ. Պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ վարկառուները կարողնան վերադարձնել վարկերը

ԱԺ նախագահ. Պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ վարկառուները կարողնան վերադարձնել վարկերը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Կենտրոնական բանկի ներկայացրած 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կամ գնաճի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ որոշել է խոսել և առաջարկներ անել ֆինանսների նախարին ու Կենտրոնական բանկի նախագահին ՝ կիսելով իր գործընկերների մտահոգությունը:

«Մենք բոլորս ենք մտահոգված, որ երկրի առաջ տնտեսական զարգացման խնդիրներ են ծառացած: Հասկանում ենք, որ մեր բոլոր հաջողությունները կախված են տնտեսության զարգացումից: Եթե մենք ֆինանսավորում ենք էժան վարկեր, դա ուղղակիորեն նպաստում է տնտեսության զարգացմանը: Բոլորս ենք պատասխանատու այսօրվա տնտեսական զարգացման համար, այս հարցը պետք է ճիշտ ընկալել, ես սա ասում եմ գոնե ՀՀԿ-ի և լայն կոալիցիայի անունից: Մենք պետք է հորդորենք, որ ֆինանսների նախարարությունը և ԿԲ-ն մտահոգված լինեն տնտեսվարող սուբյեկտներով»,- ասաց ԱԺ նախագահը:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ պետք է կարողանալ ապահովել այն ծրագրերի կատարումը, որոնք ֆինանսավորվում են բանկերի կողմից, քանի որ դրանց ձախողումը խաթարում է բանկերի աշխատանքը: «Պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ վարկառուները կարողնան վերադարձնել վարկերը: Եվ երբ մեր գործընկերները մի փոքր անցնում են սահմանը, մի վիրավորվեք, իրենք էլ են մտահոգվում: Ես համոզված եմ, որ մենք պետք է լուրջ հետևություններ անենք, պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը զարգանա, ինչն էլ կկանխի արտագաղթը, գործազրկությունը և աղքատությունը»,- ասաց ԱԺ նախագահը:

Նա հորդորեց մտածել էժան վարկեր տարամադրելու ուղղությամբ քայլեր կատարելու մասին:

 Ուշագրավ
---