Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի, ընդհանուր օգտագործման հարակից տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները: Մարտ ամսից բոլոր վարչական շրջաններում մեկնարկած աշխատանքները շարունակվում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընթացիկ աշխատանքներրի հետ կապված՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ գործող կարգի մասին նախորդ տարիների տնտեսվարողները, նաև՝ պետական ու հասարակական կառույցները պարբերաբար ծանուցվել են: Բացի այդ, 2012-ի ընթացքում յուրաքանչյուրին տրամադրվել է նաև առանձին սխեմա՝ մատնանշելով բարեկարգվող տարածքի սահմանները:
Ապրիլից մինչ օրս քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմվել է ավելի քան 180 վարչական արձանագրություն: Ըստ օրենքի՝ տուգանքի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:
Քաղաքապետարանի և վարչական շրջանների աջակցությամբ ավելի քան 4000 օբյեկտների մի մասում ավարտվել, մյուսներում էլ դեռ շարունակվում են ընթանալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ:Արայիկ Քոթանջյանն ընդգծել է նաև, որ քաղաքապետարանի ջանքերն ուղղված են մայրաքաղաքն առավել բարեկարգ և կանաչապատ տեսնելուն և դրանով՝ նոր մշակույթի ձևավորմանը: