Հայաստանը կակտիվացնի քաղաքական երկխոսությունն Իսպանիայի հետ

Հայաստանը կակտիվացնի քաղաքական երկխոսությունն Իսպանիայի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Կարբախալ Գարատեն վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական փոխանակումների և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս առումով կարևորվեց Իսպանիայի ԱԳ նախարարի հրավերով մոտակայում ՀՀ արտգործնախարարի Մադրիդ կատարելիք այցելությունը:

 Ուշագրավ
---