Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շուրջ 19 ծրագիր է իրականացնում, այս մասին այսօր ԱԺ-ում 2012 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա խորհրդարանին ներկայացրեց նախարարության հիմնական գործառույթները և ընդգծեց, որ կարևոր է ոչ միայն ֆինանսական, քանակային ցուցանիշների ներկայացումը, այլև նախարարության քաղաքկանությունը ծրագրերն իրականացնելիս:
Նա նշեց, որ կարևոր գործառույթներ են քաղաքականությունների մշակումը՝ կառավարության որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ, ստանդարտների չափագրումը և այլն: Վահրամ Ավանեսյանը հայտնեց, որ նախատեսում են նաև ցուցանիշների մշակում՝ ավելի ճշգրիտ գնահատելու՝ որքանով և ինչպես են կատարվել ծրագրերը:
Նախարարն առանձնացրեց փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության ծրագիրը, որով նախարարությունն օգնել է 8300 սուբյեկտների: «Հիմանականում շեշտը դրվել է մարզային զարգացում ների վրա»,- ասաց էկոնոմիկայի նախարարը և հայտնեց, որ տարբեր գործիքներ են կիրառվում: Նա ընդգծեց, որ այս ծրագրի հիմնական նպատակը աշխատատեղերի ստեղծումն է: «Նախնական գնահատականներ ունենք, թե որքան աշխատատեղերի մասին է խոսքը գնում: Մի աշխատատեղի ստեղծման համար ծախսվում է շուրջ 800 հազար դրամ»,- ասաց նա:
Վահրամ Ավանեսյանը տեղեկացրեց, որ նախարարության հաջորդ կարևոր գործառույթը տուրիզմի զարգացումն է, բազմաթիվ աշխատանքներ են կատարվում օրենսդրական ծրագրերի առումով, 12%-ով ավելացել են միջազգային տուրիստները, ընդհանուր իրավիճակը բարելավվել է: «Ունենք տեղեր, որտեղ հսկայան աշխատանքներ են կատարվում և դեռ աշխատանքների կարիք կա»,- հայտնեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ևս առաջնային է: Եվ այստեղ կարևոր է դիտարկել, թե միջազգային քանի ընկերություն է Հայաստանում սկսել իրականացնել իր գործառույթները. «Ոլորտը դինամիկ զարգացում է ապրում»: