12 հունիսի 2013 - 18:28 AMT
Ա. Փարսադանյան. Եթե առաջիկաօրերին Մեղրիի հանքերում աշխատանքները չդադարեցվեն, մենք չենք սպասի վարչապետի պատասխանին

Սյունիքում գործող «Կայուն զարգացում» ՀԿ նախաձեռնությամբ Մեղրիում անցկացված ստորագրահավաքի արդյունքներով՝ մասնակից մոտ 2400 քաղաքացիների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Մեղրիի տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը:

Ստորագրահավաքի արդյունքներն այսօր հասարակական կազմակերպության նախագահը բաց նամակով ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մեղրի քաղաքի բնակչության դիրքորոշումը կներկայացվի նաև ԱԺ բոլոր խմբակցություններին` արձակուրդը ավարտելուց անմիջապես հետո:

«Տեղեկացնում ենք, որ Մեղրու տարածաշրջանում 14 մետաղական հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության լուրջ հիմքեր են առաջացրել տեղաբնակների և բնապահպանների շրջանում: Մենք կարծում ենք, որ անառարկելի է միևնույն տարածաշրջանում հանքարդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման անհամատեղելիությունը, որը կարծեք անտեսվում է կառավարության կողմից: Նախքան նման որոշումներ կայացնելը, կառավարությունը առնվազը պետք հաշվի առներ, թե ինչքանով է արդյունավետ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանի բնակչության և պետության համար առհասարակ:

Հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները և շահագործումը իրականացվում են Մեղրի քաղաքի հարակից բարձրադիր բնակավայրերում, որը վտանգում է տարածաշրջանի ողջ ոռոգման համակարգը: Մեղրու տարածաշրջանի վիճակը, որը քաղցրահամ մրգերի խորհրդանիշ է համարվում, մտահոգում է ոչ միայն տեղաբնակներին, փոքր և խոշոր գյուղատնտեսներին, այլ նաև Հայաստանում և արտերկրում մրգի իրացումն ապահովող ընկերություններին:

Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց, մենք հայտարարում ենք, որ խախտվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու, տեղաբնակների` միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը և ազգային ժողովին ներկայացնելու նպատակով “Կայուն զարգացում” ՀԿ-ն կազմակերպել է ստորագրահավաք, որի մասնակիցները իրենց դիրքորոշումը արտահայտել են կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով:

Տեղեկացնում ենք Ձեզ որ ստորագրահավաքին մասնակցել է մոտ 2400 քաղաքացի և մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը: Հիմք ընդունելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի արդյունքները, պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու տարածաշրջանում հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման աշխատանքները և կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը», - նշված է բաց նամակում:

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյանը կից ավելացնում է, որ. «Եթե Մեղրիի տարածաշրջանում ինտենսիվ երկրաբանահետախուզական և արդյունահանման աշխատանքները առաջիկա օրերին չդադարեցվեն, մենք չենք սպասի նույնիսկ վարչապետի պատասխանին: Առաջիկայում կհայտարարենք մեր ծրագրերի մասին»: