Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մեղադրանքներ հնչեցրեց մի շարք պաշտոնյաների հասցեին:
Առաջին մեղադրանքն ուղղված էր Վերահսկիչ պալատի նախագահին. «Եթե դու տասն անգամ ստուգում ես, ու հասկանում ես, որ գողանում են, ուրեմն պետք է սկսել քեզանից: Սա կիրառելի է Իշխան Զաքարյանի նկատմամբ, ով ինը ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի միլիոն դոլարանոց առանձնատան վերանորգումը: Ինը ամիս առաջ նա զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին և այսօր էլ զեկուցում է էլի ուրիշների չարաշահումների մասին»: Ըստ ՀԱԿ պատգամավորի` Իշխան Զաքարյանի կենսագրությունն ուշադիր ընթերցելու դեպքում պարզ կդառնա, որ նա չէր կարող այդ առանձնատան սեփականատերը դառնալ, և ոչ մեկը չի կարող հանգիստ վերաբերել առանաձնատուն ունենալու փաստին: «Սա ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին: Զարմանում եմ՝ ինչպե՞ս է պարոն Զաքարյանը խրոխտ կեցվածքով, հերոսաբար զեկուցում ուրիշների չարաշահումների մասին: Նրան թվում է, որ նրանք շպիոնա՞ժ են անում Ադրբեջանի հաշվին, ոչ՛, նրանք էլ են առանձնատուն կառուցում»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
Նիկոլ Փաշինյան մեղադրանքներ հնչեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հասցեին և ասաց. « Հովիկ Աբրահամյանը, քսանամյա պաշտոնավարման ընթացքում, դարձել է ՀՀ խոշոր սեփականատերերից մեկը, իսկ հիմա փնտրում-փնտրում ու այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն թալանչիները, որ կողոպտում են մեր երկիրը»:
Նա նկատեց, որ ՎՊ-ի բացահայտումները կապվում են վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հետ և ասաց, որ «Հայաստանը Տիգրան Սարգսյանի Կենտրոնական բանկի նախագահության տարիներին զրկվեց ոսկու պաշարներից»: «Սա իշխանության երկվություն է, իշխանությունը համ ապօրինի է, համ պայքարում է ապօրինության դեմ, համ գնդակահարել է մարտի մեկին ՀՀ քաղաքացիներին, համ շահագրգռված է այս սպանութունների բացահայտման գործում»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը չշրջանցեց նաև ՀՀ նախագահին: Նա նշեց, որ ՀՀԿ խմբակցության ներակայացուցիչն ասում էր, որ թալանը սկսվել է իննսունականներին. «Հիշում եմ, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային կառույցներից մեկը` նախ ԱԱԾ-ն, հետո ՆԳՆ-ն, նրա եղբայր Ալեքսանդր Սարգսյանն էլ այդ տարիներին սովորական մարդուց վերածվեց մեծահարուստի, ոմանց գնահատմամբ` անգամ մուլտիմիլիարդատիրոջ: Հռոմում երկու դեսպանատուն է բացվել է, կա երկիր, որտեղ դեսպանատուն չունենք: Վատիկանում դեսպանություն բացելու իրական նպատակն այն էր, որ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները, փեսայի` Միքայել Մինասյանի գլխավորությամբ, Հռոմի պապի հետ լուսանկարվեն ու բարձրաշխարհիկ զրույցներ ունենան»: