18 հունիսի 2013 - 15:11 AMT
«Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունը մտահոգված է իր ապրանքանիշով կեղծ արտադրանքի իրացմամբ

Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը ՏՄՊՊ Հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը: Սակայն շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից: Պարզվել է, որ «Քրաուն Քեմիքալ» ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն և, թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, «Քրաուն Գոլդ» ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:

Հանձնաժողովին է դիմել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել և ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո: Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված ապրանքներն արտադրող և իրացնող տնտեսվարողին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն վարույթը հարուցելուց որոշ ժամանակ անց «Պռոշյանի կոնյակի գործարանը» հանդես է եկել միջնորդությամբ` հայտնելով, որ իր ապրանքային նշանը օգտագործած ընկերությունը ընդունում է իր մեղքը և պարտավորվել է վերացնել խախտումը:

Այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ այն սպառողի մոտ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը և արդեն իսկ վերացրել են խախտումը, և հաշվի առնելով բողոքող կողմերի միջնորդությունները՝ մեղմ պատիժ կիրառելու առումով, Հանձնաժողովի որոշմամբ վերջինները ստացան խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով, հայտնում է ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի և հասարակության հետ կապերի վարչությունը: