20 հունիսի 2013 - 13:53 AMT
Հայրիկյանի մահափորձի գործ. Ամբաստանյալ. Սամվելն ասաց, եթե մեզ բռնեն, պետք է ասենք, որ Սեդրակյանն է

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Ցուցմունք տվեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: «Հայրիկյանը շատ լավ գիտի, թե ոնց են անում կոնտրոլնի կրակոցը: Ես նման բան չեմ արել, որ ասում էր՝ մի կրակոցը կպել է ուսին, իսկ երկրորդը չի կպել: Տեսաք, որ մայկեքին բան չի եղել, ես ի՞նչ է ասել եմ՝ Հայրիկյան բարձրացրա մայկեդ, նոր կրակեմ»,- ասաց ամբաստանյալը:

Նա նշեց, որ Վարդան Սեդրակյանի անունն ի սկզբանե չի եղել և ինքը չի էլ իմացել: «Չեմ իմացել ինչու է դա արվում Հայրիկյանի դեմ: Երբ հանդիպեցի Սամվելին, ասաց՝ եթե մեզ բռնեն, պետք է ասենք, որ Վարդան Սեդրակյանն է»,- ասաց նա: Ամբաստանյալը հայտնեց, որ իր նախնական ցուցմունքում ամեն ինչ ճիշտ է ասված բացի Վարդան Սեդրակյանին վերաբերող մասից:

Նա տեղեկացրեց, որ իր ունեցած զենքը ձեռք է բերել շատ վաղուց՝ 90-ականներից և այդպես դրած էր: Խաչատուր Պողոսյանը մեղադրող կողմից հետաքրքրվեց, թե ինչու տեղազննում չեն արել, որ ինքն էլ ցույց տար, ինչը ոնց եղավ:

Վ.Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դատախազը փորձել է ամբաստանյալ Պողոսյանին վերագրել այն, ինչ նա չի ասել: «Նույնիսկ դատավորը արձանագրեց, որ ամբաստանյալը նման բան չի ասել»,- ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ:

Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: