Նախարար. Որևէ նշանակություն չունի, թե ով կլինի «ՀայՌուսգազարդ»-ի 100 տոկոս բաժնեմասի տերը

Նախարար. Որևէ նշանակություն չունի, թե ով կլինի «ՀայՌուսգազարդ»-ի 100 տոկոս բաժնեմասի տերը

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վստահեցնում է, որ եթե «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալու հարցում վտանգ լիներ, նման հարց բանակցությունների սեղանին չէր լինի: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հայտնեց, որ դա բանակցությունների սցենարներից մեկն է: «Եթե այդ գործարքը ՀՀ կառավարության, Հայստանի ժողովրդի համար շահավետ կլինի, կանենք, եթե՝ ոչ, չենք անի: Որևէ մեկը մեզ ոչ ստիպում է, ոչ՝ պարտադրում»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

Հարցին, թե ինչպիսին պետք է լինի գործարքը, որ մեզ համար շահավետ համարվի, նախարարը պատասխանեց. «Չկա այնպիսի մի սահմանագիծ, որ ասենք՝ այստեղից անցնի… Դա կոմպլեքս խնդիր է, գազամատակարարումը միայն գազի սակագինը չէ: Մեծ խնդիրներ են, բոլոր հարցերը կքննարկենք, եթե մեզ ձեռք կտա, կանենք»:

Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ նախատեսվում է, որ բանակցությունները կավարտվեն մինչև ամսվա վերջ: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս պահին որևէ գործարք կատարված չէ: Նա նշեց, որ եթե 100 տոկոս բաժնեմասն անցնի գազպրոմին, դա որևէ բան չի փոխի, քանի որ համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանում էներգամատաակարարման գործառույթները լիցենզավորված գործառույթներ են համարվում: «Համակարգն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում:

Այսինքն, նրա և աշխատանքը, և ֆինանսկան ամբողջ հոսքերը մեր կողմից են կարգավորվում: Դրա համար, թե ով կլինի 100 տոկոսի տերը, որևէ նշանակություն չունի: Պետք է աշխատի ՀՀ կողմից տրված լիցենզիայի սահմաններում և հանձնաժողովի կարգավորման դաշտում»,- ընդգծեց նա: Հարցին, այդ դեպքում ինչու է «Գազպրոմ»-ը ձգտում ամբող բաժնեմասի տերը լինել, նախարարը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ ուզում է»:

Հիշեցնենք, որ որ ավելի վաղ ռուսական կողմը տեղեկացրել էր, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են «Գազպրոմ»-ի մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---