20 հունիսի 2013 - 17:35 AMT
Հայաստանը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումը

Հայաստանի կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ: Այդ մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության կողմից կազմակերպված Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինարի ժամանակ:

«Այդ տեսակետից, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Եվրամիության փորձագետների անմիջական մասնակցությամբ, տվել է իր դրական արդյունքները: Մասնավորապես, մենք, հիմք ընդունելով ԵՄ փորձագետների կարծիքը, ընդունեցինք քաղաքական որոշում և ամեն տարվա համար պետք է ունենանք 2-3 հստակ թիրախներ, միջոցառումների ծրագիր, որը պետք է հանրությանը ցույց տա մեր արձանագրած արդյունքները»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկն էլ կարգավորիչ Գիլյոտինն է, որի նպատակն է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների վերացումը: Վարչապետը նշել է, որ շնորհիվ Եվրամիության ու դոնոր կազմակերպությունների օժանդակության՝ այդ ծրագիրն այսօր արդյունավետորեն է աշխատում: Առաջին օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, հանձնաժողովի կողմից ընդունվել է համապատասխան մեթոդաբանություն, թե ինչպես պետք է այն գործի, ընտրի թիրախներն ու գործառույթներն իրականացնելու մեթոդը, որպեսզի կարճ ժամանակում ստացվեն էֆեկտիվ արդյունքներ:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք ևս դրական արդյունքներ են տվել: Այդ տեսակետից, վարչապետն առանձնացրել է ձեռնարկությունների գրանցման միասնական ռեգիստրում էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տվել ՀՀ-ում ձեռնարկությունների գրանցման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերը հասցնել նվազագույնի:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը թիրախավորել է երկու ոլորտ, որտեղ պետք է իրականացվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Առաջինը դատական համակարգն է, երկրորդը՝ առողջապահության ոլորտը, որովհետև, ըստ Տիգրան Սարգսյանի, այն առնչվում է հազարավոր մարդկանց հետ: