Օմբուդսմեն. Դատապարտյալի ինքնասպանությունը վկայում է կալանավայրերում առկա խնդիրների մասին

Օմբուդսմեն. Դատապարտյալի ինքնասպանությունը  վկայում է կալանավայրերում առկա խնդիրների մասին

PanARMENIAN.Net - Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 22-ամյա ցմահ դատապարտյալի ինքնասպանությունը ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում անդրադառնալու և բարձրաձայնելու տվյալ համակարգի բացթողումների և գոյություն ունեցող համակարգային չլուծված խնդիրների մասին, կարծում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ կալանավայրերում բացակայում է սոցիալ-հոգեբանական պատշաճ ծառայությունը (նախատեսված է մեկ հոգեբան 100-ից ավելի ցմահ դատապարտյալի համար), բացակայում են նաև վերականգնողական ծրագրերը (չկան մշակութային, սպորտային միջոցառումներ, պատիժը կրելու ընթացքում չեն ստեղծվում աշխատելու, կրթություն ստանալու հնարավորություններ), բացակայում է գործերի վերանայման արդյունավետ մեխանիզմը, ինչպես նաև ցմահ ազատազրկման նշանակման, կիրառման, ռեժիմների փոփոխության և վաղաժամկետ ազատ արձակման ճկուն և տարբերակված համակարգը:

Եվրոպական երկրների օրեսդրություններն այդպիսի համակարգի հիմքում դնում են առանձնացված մի քանի գործոն՝ հանցագործության կատարման պահին անձի տարիքը, դատվածությունների քանակը, կատարված արարքի ծանրության աստիճանը, սպանությունների քանակն ու տեսակը, դատապարտյալի անձը:

2012թ. ցմահ ազատազրկվածների վերոնշյալ հիմնախնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, ի թիվս այլ օրենսդրական առաջարկների, ներկայացվել է օրենսդրական առաջարկ, ըստ որի ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում հանցագործություն կատարած անձանց կենսափորձի, մտավոր լիակատար հասունության, անձի դեռևս լիարժեք ձևավորված չլինելու հանգամանքներով, որոնցով և առաջնորդվում են եվրոպական երկրները:

2013 թվականիաշնանը Պաշտպանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով` քրեակատարողական հիմնարկներում տեղ գտած խնդիրների և այդ խնդիրների հիմքում ընկած պատճառների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին` ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---