Բնական պաշարների կառավարման թեման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Բնական պաշարների կառավարման թեման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Միջազգային խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ քննարկում «Հակամարտությունների կանխարգելում և բնական պաշարներ» խորագրով:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պետությունների առաջնային պատասխանատվությանը` բացառելու հակամարտություններում բնական պաշարների խթանիչ դերն ու ապահովել մասնավորապես նավթի, քարածխի, ադամանդների, թանկարժեք մետաղների արդյունահանման բնագավառում թափանցիկ, արդար կառավարումը: Քննարկմանը մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալները, Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրենը և անդամ պետությունների ներկայացուցիչները:

Կարևորելով ՄԱԿ-ի և Բրետոնվուդսյան ինստիտուտների դերակատարումը տվյալ բնագավառում համընդհանուր քաղաքականության մշակումը խրախուսելու գործում՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում նշեց, որ անհրաժեշտ է վերլուծել բնական պաշարների դերը նաև հակամարտությունների քաղաքական կարգավորումը երկարաձգելու հարցում և առաջարկել ուսումնասիրել Հարավային Կովկասի երկրների մոտեցումները ու նրանց կողմից վարվող քաղաքականությունը:

Նազարյանը նշեց, որ մեխանիզմները, որոնց միջոցով բնական պաշարները խթանում կամ երկարաձգում են հակամարտությունները, խորը արմատներ ունեն տնտեսական ու սոցիալական ոլորտներում ու անդրադարձավ կաշառակերության, թույլ պետության և հաշվետվության բացակայությանը, որոնք շատ դեպքերում կապված են բնական պաշարներից ստացվող լայնամասշտաբ եկամուտների հետ:

ՀՀ դեսպանը հավելեց, որ միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներին հասնելու համար անդամ պետություններին տրված է լավագույն հնարավորություն ներառելու իրենց կայուն զարգացման ազգային ծրագրերում հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության հետ մեկտեղ նաև բնական պաշարների կառավարման հարցերը, ինչն առաջին հերթին կպահանջվի քաղաքական կամքի ու վճռականության դրսևորում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---