Հայաստանում է շվեյցարացի հայտնի դիրիժոր և դաշնակահար Միքայել Վենդեբերգը

Հայաստանում է շվեյցարացի հայտնի դիրիժոր և դաշնակահար Միքայել Վենդեբերգը

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ համերգը կղեկավարի շվեյցարացի հանրահայտ դիրիժոր և դաշնակահար Միքայել Վենդեբերգը: Ծրագրում կհնչեն Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շահրիզադե» սյուիտները և Էդուարդ Հայրապետյանի հարվածային գործիքների (տիմպանի, մարիմբա) և լարային նվագախմբի համար կոնցերտը՝ մենակատար Արսեն Տեր-Տաճատյանի կատարմամբ:

Դիրիժոր և դաշնակահար Միքայել Վենդեբերգը ծնվել է 1974 թ. Գերմանիայում: Որպես դաշնակահար ուսանել է Մարկուս Ստենջի, Բեռնդ Գլեմսերի և Բենեդետտո Լուպոյի դասարաններում, որպես դիրիժոր` Տոշիյուկի Կամիոկայի մոտ: Աշխատել է Բեռլինի պետական կապելլայի, Քյոլնի «Մյուզիք ֆաբրիկ», Բեռլինի «Նոր երաժշտություն» կամերային, Շտուտգարտի «Նոր վոկալ սոլիստներ» անսամբլների, Բեռլինի «Apolloni et Musis» պետական օպերային թատրոնի կամերային երգչախմբի, Լյուբլյանայի ֆիլհարմոնիկ և Վուպերտալի սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ որպես դիրիժոր: Հանդես է եկել նաև Ցյուրիխի «Collegium Novum» անսամբլի հետ՝ որպես առաջին հրավիրված դիրիժոր: 2008-2010 թթ աշխատել է Բեռլինի պետական օպերային թատրոնում՝ Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ, որտեղ եղել է նաև Պիեռ Բուլեի և Սըր Սիմոն Ռեթթլի ասիստենտը: 2010-2011 թթ ղեկավարել է Մանհեյմի ազգային թատրոնի նվագախումբը: 2011 թ-ից աշխատում է Լյուցերնի թատրոնում՝ որպես դիրիժոր և երաժշտական ղեկավարի տեղակալ: Ներկայումս «Contrechamps» անսամբլի երաժշտական ղեկավարն է: Մ. Վենդեբերգը մասնակցել է Մյունխենի և Վենետիկի բիենալեներին, Վիեննայի «Մոդեռն», Բրեգենզի, Մադրիդի, Շտուտգարտի, Էկլայի և Լյուցերնի փառատոներին և այլն: Նրա երկացանկում ընդգրկված են դասական, ժամանակակից և նեոժամանակակից ստեղծագործություններ ՝ Բախից մինչև Շոնբերգ: Արվեստագետին, հատկապես, հետաքրքրում է տարբեր մշակույթների ավանդույթների բախումն ու ընկալումը, հնագույն և ժամանակակից երաժշտության վերարտադրումը և մատուցումը: Օպերային բեմադրություններում Վենդեբերգը փնտրում է բեմական և երաժշտական հայեցակարգերում համագործակցության եզրեր: Տիմպանահար և մարիմբահար Արսեն Տեր-Տաճատյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև Գերմանիայի Վյուրցբուրգի երաժշտական ակադեմիայում ստացել է հարվածային գործիքների մենակատարի որակավորում: Համագործակցել է Հունաստանի ազգային ռադիոյի, Աթենքի և Գերմանիայի «Philharmonie der Nationen», Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, ժամանակակից երաժշտության նվագախմբերի, ինչպես նաև՝ Հունաստանի ազգային պետական օպերային թատրոնի և Մոսկվայի հարվածային գործիքների անսամբլի հետ: Ներկայումս աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի մենակատար տիմպանահար և Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում՝ որպես հարվածային գործիքների ուսուցիչ: Արսեն Տեր-Տաճատյանը միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների դափնեկիր է: Մենահամերգներ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում՝ Հունաստան, Լեհաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---