«Փակ շուկայական հարաբերություններ». Կլինի՞ ֆիզիկական դիմադրություն, թե՝ ոչ

«Փակ շուկայական հարաբերություններ». Կլինի՞ ֆիզիկական դիմադրություն, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Իշխանությունները հասկանում են, որ այն, ինչ կատարվում է Փակ շուկայում, հանցագործություն է: Այս մասին այսօր ՄԻՊ գրասենյակում Փակ շուկայի խնդրով հրավիրված քննարկման ժամանակ ասաց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը.

«ՀՀ կառավարությունը գոյություն ունի մեր հարկերի հաշվին, դուք մեր աշխատողներն ենք և դուք, սկսած քաղաքապետով վերջացրած ոստիկանով, չեք կարողանում անել այն աշխատանքը, որի համար մենք ձեզ վարձել են:

Ես ուզում եմ ասել Փակ շուկայի կառուցապատողին, որ նա իզուր է փող վատնում, դա հօդս է ցնդելու: Այս «փակ շուկայական հարաբերությունների» վերջը եկել է: Լիենելու է պայքար և փողոցում և հրապարակում»,-ասաց Տիգրան Խզմալյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ Փակ շուկան փրկելու միակ ելքը ֆիզիկական ուժի դիմելն է.«Այլ ելք չկա, պետք է ֆիզիկական ուժով դիմադրել»:

Քննարկմանը ներկա ֆոտոլրագրող Հայ Բիանջյանը, սակայն, նկատեց, որ վերջին տարիներին երևանցիների հետ շատ տարօրինակ բան է կատարվում.

«Անտարբերություն է ամենուր, մենք չեն կարողանում տեր կանգնել մեր կոթողներին: Մարդիկ պետք է կենդանի պատ կազմեին և փակեին մուտքը, ուրիշ կերպ հնարավոր չի, հավատացեք: Ակցիա ես անում, 10 մարդ է գալիս, իսկ խոսելու ժամանակ բոլորը սիրում են շուկան, բոլորը սիրում են Երևանը: Քննարկումների ժամանակն անցել է, մենք այստեղ խոսում ենք, իրերնք այնտեղ կառուցում են : Շուկան ներսից խորանարդների են բաժանել, այն դեպքում, երբ դրա շքեղությունը հենց տարածությունն էր»,-ասաց ֆոտոլրագրողը:

Փակ շուկա

Փակ շուկայի այսպես կոչված կառուցապատումը սկսվել է 2012-ի հունվարին: Ի սկզբանե նախատեսված էր շուկայի ստորգետնյա հատվածի կառուցապատում: Շինաշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված աշխատանքային նախագծով: Սակայն ամիսներ անց` 2012-ի մայիսին, պարզվեց, որ քանդել են շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնե կամարաձև կոնստրուկցիաները: Նախքան այդ՝ մարտի 7-ին, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը:

Գիտամեթոդական խորհուրդն առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարությանը շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարություն: Մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության կողմից շուկայի տեխնիկական վիճակի և վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացությունը, որում շինության վիճակը գնահատվել է վթարային, և առաջարկվել է ապամոնտաժել առկա երկաթբետոնե կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով:

Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն` համաձայնեցման, ինչը չի արվել: Ավելին, այս մեկ տարվա ընթացքում հարևան շենքի բնակիչները, քաղաքացիական ակտիվիստները բազմիցս ահազանգել են, որ շուկայի տարածքում ապօրինի շինարարություն է ընթանում, մասնավորապես` կառուցապատվում է շուկայի վերգետնյա հատվածը, ինչի թույլտվությունը կառուցապատողը չունի: 2013 թվականի մայիսի 14-ին` արձագանքելով բնակիչների և լրագրողների ահազանգերին, մշակույթի նախարարությունը հայտնել է, որ այժմ շուկայի տարածքում ընթացող շինարարությունը չի համապատասխանում նախարարության կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին: 2013-ի մայիսի 13-ին նախարարությունը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար:

Երևանի քաղաքապետարանն իր վերջին գրությամբ հայտնել է, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլև ավարտվել է շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---