29 հունիսի 2013 - 10:20 AMT
Մեկնարկել է ԱլԳ երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագիրը

Կիևում ԵՄ աջակցությամբ տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագրի բացման կոնֆերանսը: Միջոցառման բացմանը մասնակցել է ավելի քան 60 պատվիրակ` Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Բելառուսից: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Վահե Բավեյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քրիստինե Մնացականյանը, «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության`Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA, ԵԱԴ) ծրագրերի ղեկավար Նելլի Գիշյանը:

Կոնֆերանսի առաջին մասում ներկայացվել են Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները և խնդիրները: Երկրորդ մասում ծրագրի երեք հիմնական ուղղություններով առանձնացված աշխատանքային խմբերում քննարկվել են երիտասարդական ոլորտում պետական կառույցների միջսեկտորային համագործակցության, փաստարկված երիտասարդական քաղաքականության ստեղծման և երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի զարգացման հիմնահարցերը, երիտասարդական մասնակցության և երիտասարդական քաղաքականության պետություն-հասարակական սեկտոր փոխարդյունավետ համագործակցության հիմնախնդիրները: Արսեն Քարամյանն ասել է. «Կոնֆերանսի արդյունքում հաստատվեց, որ Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև 2015թ. հոկտեմբերին Երևանում կանցկացվի տարածաշրջանային ֆորում` երիտասարդական մասնակցության վերաբերյալ»:

Որոշվել է նաև Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագիրը մինչև 2015թ. ավարտը սկսել նաև Հայաստանի Հանրապետությունում:

Ծրագրի երկրորդ մասում` խմբային աշխատանքների ժամանակ, Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչ Նելլի Գիշյանն առաջարկել է ՀՀ մարզերում զարգացնել երիտասարդական աշխատանքը` հիմնելով մարզային երիտասարդական կենտրոններ: Առաջարկը հավանության է արժանացել, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը օգոստոս ամսին Վրաստանում կայանալիք հանդիպմանը կներկայացնի ընդգրկուն ծրագիր: